choose language
      [english]   [armenian]   [russian]

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ :: Հայ-թուրքական հակամարտություն



Հարցազրույց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ
Հեղինակ՝ 7or.am | Ամսաթիվ՝ 29-10-2009 | Տպել



-Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը ներկայիս տեսքով և այս բովանդակությամբ պետք է գոհացնի՞ հասարակությանը, թե՞ ավելի շատ մտահոգվելու տեղիք տա: Ինչպիսի՞ն է հոգևորականի կարծիքը։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ուրախացնի, սակայն այստեղ միշտ պետք է ի մտի ունենալ, թե ի՞նչ գնով: Հասարակությունը, ազգը պատրաստ է: Ազգը խնդիր չունի: Բայց մեր ժողովուրդը պատրաստ չէ այնպիսի զիջումների, որոնք կարող են վտանգավոր լինել ոչ միայն պետականության, այլև, ասենք, իր ինքնասիրության, ինքնության համար:

-Դուք այս հարաբերություններում նման զիջումներ կամ գին տեսնո՞ւմ եք:

-Այո՛, տեսնում եմ։ Կարծում եմ՝ մեր դիվանագիտությունն այդ իմաստով այս տարիների ընթացքում եղել է մի քիչ պաշտպանական, երբեմն՝ նույնիսկ պարտվողական, իսկ հարևանից երբեք առավելագույնը չի պահանջվել, ինչի հիմքերը կային, որովհետև Թուրքիան իրավունք չուներ սահմանը փակելու։ Այսինքն, ինքը թշնամական գործողություն է կատարել Հայաստանի հանդեպ, և Հայաստանը երբեք այդ հարթությունից չօգտվեց՝ պահանջելով սահմանի բացում, նույնիսկ միակողմանի բացում։ Ընդհակառակը՝ գնաց այսպիսի փոխզիջման, երբ սահմանը կարծես երկուստեք է փակվել և երկուստեք է բացվում։ Անշուշտ, նաև սահմանի, տարածքային ամբողջականության, ինչպես նաև Կարսի պայմանագրի ճանաչման խնդիր կա: Սրանք այն փոխզիջումներն էին, որոնք, ըստ իս, անհրաժեշտ չէին:

-Այս տեսանկյունից գրեթե 10 մլն հայությանը հուզողը Ցեղասպանության հարցն է: Կխնդրեի շատ հստակ պատասխանել՝ մենք Ցեղասպանության փաստն այս փաստաթղթերով կասկածի տակ առնո՞ւմ ենք, թե ոչ:

-Կարելի է ասել՝ և՛ այո, և՛ ոչ, նայած՝ որ տեսանկյունից ես նայում: Օրինակ՝ այս արձանագրություններում մերոնք, իբրև արդարացում, ասում են՝ տեսե՛ք, Ցեղասպանությունը նշված չէ։ Բայց ես ասում եմ, որ շատ ավելի լավ կլիներ, որ նշվեր՝ իբրև Հայաստանի կողմից պահանջատիրություն, որ Հայաստանը չի հրաժարվում Ցեղասպանության հատուցման իր պահանջից: Հայաստանը երբևիցե չպետք է հրաժարվեր Ցեղասպանության նկատմամբ իր պահանջատիրությունից: Դա՝ իբրև փաստարկ, իբրև հաղթաթուղթ, պետք է միշտ լինի հայ-թուրքական հարաբերությունների մեջ: Քաղաքական հարաբերությունները չեն կարող հաստատվել՝ լռելով Ցեղասպանության մասին:

Ես Հայաստանի իշխանությունների շրջանում այն վտանգն եմ տեսնում, որ կարծես թե Ցեղասպանությունը դարձնում են ներքին խնդիր, այսինքն՝ մենք մեզ համար Ապրիլի 24 ենք նշում, Ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղիկ ենք դնում և այդքանով բավարարվում ենք: Դրա դիմաց չենք պահանջում ո՛չ բարոյական, ո՛չ նյութական հատուցում և ընդամենը խնդիր ենք դնում մեզ ճանաչել տալու աշխարհին՝ իբրև ցեղասպանված ժողովուրդ:

-Իշխանություններն այս առումով պնդում են, թե իրենք շարունակելու են Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

-Լա՛վ, պետությունները ճանաչեցին Ցեղասպանությունը։ Որ ի՞նչ։ Սոսկ ճանաչելո՞ւ համար, որպեսզի մենք աշխարհում ման գանք, և բոլորը մեզ ճանաչեն իբրև ցեղասպանված ժողովո՞ւրդ, թե՞ դրա դիմաց հատուցում պահանջենք: Այդ հատուցման խնդիրն այսօր ես մեր իշխանությունների օրակարգում չեմ տեսնում: Եվ եթե եկել է այդ պահանջը դնելու առիթը, ինչո՞ւ հիմա չի դրվում: Երբ սահմանը բացելու համար Թուրքիայի վրա սոսկալի ճնշում կար, մենք, փոխանակ այս հարցով ուժեղացնեինք ճնշումը, Թուրքիային օգնեցինք ձերբազատվելու այդ ճնշումից: Եվ ես այստեղ շատ կուզենայի հավատալ մեր իշխանությունների, մեր դիվանագետների բացարձակ պրոֆեսիոնալիզմին, բայց ինձ չի համոզում այն բացատրությունը, որ տրվում է: Եվ միակ իմ հույսն այն է, որ երևի իրենք ինչ-որ քայլեր ի նկատի ունեն։ Դե, մեր նախագահն էլ շախմատի ֆեդերացիայի նախագահն է, երևի շախմատային մտածելակերպով ինչ-որ քայլեր նկատի ունեն, որոնք, ի վերջո, հանգեցնելու են հաղթանակի: Բայց ռեալ կերպով դա ես չեմ կարողանում տեսնել:

-Սրբազա՛ն, միգուցե մեր հասարակությունն է այս 90 և ավելի տարիների ընթացքում Ցեղասպանության խնդրի առնչությամբ դարձել պակաս պահանջատեր, պակաս հետևողական: Միգուցե մենք հասարակությա՞ն առումով խնդիր ունենք:

-Գիտե՞ք, տասնամյակներ շարունակ մեր ժողովրդին համոզել են, որ պահանջատիրությունն ավելորդ բան է, կեղծ է: 70 տարի կոմունիստական իշխանությունը համոզել է, թե այլևս մոռացեք տարածքային պահանջատիրությունը: Համոզում էին, որ այլևս անհնար է ինչ-որ բան փոխել, ասում էին՝ Թուրքիան իր սահմանն արդեն գծել է, մենք Կարսի պայմանագրով ընդունել ենք, Նախիջևանը Անդրբեջանինն է, ինչ որ եղել է, եղել է, մոռացե՛ք, հիմա զրո կետից սկսեք ապրել: Այս ամենը, իրոք, ազդեցություն ունեցել է, սակայն ոչ այն չափով, ինչ չափով իրենք կուզենային: Սակայն մինչև հիմա մեր ժողովրդի զգալի մասը, համոզված եմ՝ նաև այսօրվա իշխանությունները, այն համոզմունքն ունեն, թե որևէ տարածքային պահանջ, որևէ հատուցում այլևս անհնար է։ Հայտարարում են, թե եկեք իզուր տեղն այլևս տարածքային պահանջի կամ հատուցման մասին չխոսենք: Փաստորեն, մենք հիմա՝ անկախությունից 20 տարի անց, վերադարձել ենք այն նույն կոմունիստական շրջանի գաղափարախոսությանը, թե ոչինչ փոխել հնարավոր չէ: Պանաջատիրությունը շատ դեպքերում ներկայացվում է որպես ռոմանտիզմ: Առավելագույնը ձեռք բերելը միշտ ռոմանտիզմ է, բայց պետք է առավելագույնը պահանջես, որ ինչ-որ բան ստանաս: Ես էլ եմ մտածում, որ այսօրվա վիճակում տարածքային փոխհատուցում ստանալը մի քիչ ռոմանտիկ է թվում: Բայց դրա դիմաց դու կարող ես իրավունք ձեռք բերել քո հայրենի վայրերը վերադառնալու, փոխհատուցում ստանալու, քո պապենական ունեցվածքին տեր կանգնելու, վստահ լինելու, որ մեր եկեղեցիները և մշակույթի վայրերն այլևս չեն ավերվի: Եթե դու ընդհանրապես պահանջ չունես, ի՞նչ ես ուզում ստանալ:

-Սակայն իշխանությունները շատ դեպքերում պնդում են, թե եթե սահմանը բաց լինի, Հայաստանը տնտեսապես կհզորանա, ուժեղ պետություն կդառա, և միայն այդ դեպքում կարելի կլինի ինչ- որ բան պահանջել և ստանալ:

-Իսկական ռոմանտիզմն այստեղ է: Ինչ-որ զարգացում կարող է լինել, չպետք է ժխտել, բայց եթե պետք է գործեն մաքսային այն օրենքները, որոնք հիմա գոյություն ունեն, մեր ժողովուրդը ոչնչով չի շահելու, շահելու են մի խումբ մարդիկ: Օրինակ՝ Վրաստանի սահմանը բաց է, բայց մեր գյուղացին կարողանո՞ւմ է իր կարտոֆիլը Վրաստանում վաճառել: Իհարկե՝ ո՛չ: Ի՞նչ երաշխիք կա, որ մեր գյուղացին իր կարտոֆիլը կկարողանա վաճառել Կարսում: Սակայն նույնիսկ ինչ-որ տնտեսական օգուտ ենթադրելով՝ մտածել, թե կարելի էր այս զիջումներին գնալ, աններելի է:

-Դուք տեսնո՞ւմ եք Կարսի պայմանագրի վերահաստատման վտանգը, և այդ վտանգն ինչպիսի՞ բնույթ է կրում:

-Թուրքերը մեզ հետաքրքիր ծուղակի մեջ են գցել՝ նշելով, թե սահմանը վերահաստատում ենք, ոչ թե հաստատում: Այսինքն, մենք մի անգամ՝ 1921թ., հաստատել ենք Կարսի պայմանագրով։ Սա ի՞նչ է նշանակում. որ մենք պահանջներ չունենք, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, հետևաբար մեր պահանջատիրությունը, որպես այդպիսին, գոյություն չունի, և Ցեղասպանության խնդիրն էլ ներքին սպառման առարկա է, Հայաստանում ինչքան ուզում եք, խոսեք: Այս արձանագրություններով ոչ մի բան չի հարթվում, ընդհակառակը՝ խնդիրները քնեցվում են: Այսինքն, շարունակենք լռել Ցեղասպանության մասին, Ղարաբաղի մասին, շարունակենք լռել, որ մենք տարածքային պահանջ ունենք և այլն:

-Դուք Ձեր խոսքում հիշատակեցիք Ղարաբաղը։ Ձեր կարծիքով այս երկու խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը, իրար հետ կապվա՞ծ են այն դեպքում, երբ իշխանությունները նշում են, թե արձանագրություններում Ղարաբաղի անունը չի հիշատակվում:

-Ավելի վատ, որ չի հիշատակվում. դա է Դավութօղլուին, Էրդողանին հնարավորություն տալիս ասելու, թե քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, մենք սահման չենք բացելու: Հենց այս արձանագրությունների մեջ պետք է լիներ, որ այս հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը պայմանավորված չեն Ղարաբաղի հարցով:

Գիտե՞ք, ես այս երկու խնդիրների մեջ չեմ կապ տեսնում. դա մեկ ընդհանուր հարց է: Ադրբեջան, Թուրքիա՝ նույն ժողովուրդն են, նույն ազգությունը, սակայն երկու պետություն: Թուրքիայի համար չկա Ղարաբաղի՝ իբրև երրորդ պետության հարց, Ղարաբաղի հարցը թուրքական պետության հարցն է, որովհետև դա Թուրքիայի համար հայոց պահանջատիրության ժամանակավոր հաղթանակն է։ Եթե ինքը կարողանա մեզ այնտեղ պարտության մատնել, ուրեմն հայությունը պետք է առնվազն հարյուր տարի մոռանա այլևս Կա՛րսն էլ, Իգդի՛րն էլ, Արարա՛տն էլ: Թուրքական պետությունը ոչ թե Ադրբեջանին է սատարում, ինքն իրեն է սատարում։ Եթե հայերը Ղարաբաղը «մարսեն», պարզ է, որ պետք է Ղարսը պահանջեն: Ուրեմն Թուրքիան ամեն ինչ պետք է անի, որ հայերը Ղարաբաղը «չմարսեն»:

-Շատերը ներկայումս նշում են, որ այսօրվա թուրքը 1915թ. թուրքը չէ, և այսօրվա թուրքի հետ հնարավոր է լեզու գտնել։ Դա ճի՞շտ տրամաբանություն է:

-Հայ մարդն այսքան ժամանակ չի կարողացել հասկանալ թուրքական ինքնությունը: Թուրքը՝ իբրև անհատ, վտանգավոր չէ։ Բայց թուրքը՝ իբրև ամբոխ, վտանագավոր է եղել ինչպես 1915թ., այնպես էլ 2009թ., վտանգավոր կլինի նաև 2119թ.: Նույն 1915թ. շատ թուրք անհատներ փրկել են հայերին, սակայն երբ այդ թուրք անհատը հայտնվում էր ամբոխի մեջ, անում էր այն, ինչ անում էր ամբոխը: Եթե այսօր էլ Թուրքիայում ինչ-որ մի ամբոխային վիճակ լինի, կրկնվելու է 1915թ.-ն: Եթե, ասենք, Բուրսայում Հայաստանը հաղթեր 2:0 հաշվով, հաստատ համոզված եղեք՝ որոշ խժդժություններ լինելու էին, հաստատ ինչ-որ վանք էին պայթեցնելու, մի փոքրիկ թաղամասում մի քրիստոնյայի վրա էր հարձակում լինելու։ Այս առումով, փա՛ռք Աստծո, և՛ այստեղ, և՛ այնտեղ մեր թիմը պարտություն կրեց:

Զրույցը վարեց Դերենիկ Մալխասյանը

Գյումրի

all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org