choose language [english] [armenian] [russian] |
|
|
ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ :: Ջավախք. Լուրեր, Փաստեր և Վերլուծություններ
Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Հեղինակ՝ Ararat | Ամսաթիվ՝ 20-03-2009 | Տպել 20.03.2009 Վերջին ժամանակներս Ջավախքում գոյություն ունեցող հիմնախնդիրների շուրջ ակտիվացել են հասարակական-քաղաքական քննարկումները: Հայտնվել են ինչ-որ ուժերի կողմից ուղղորդվող մարդիկ, որոնք կազմակերպված ձևով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել Ջավախքում գոյություն ունեցող բուն հիմնախնդիրներից:
Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները մշտապես քննարկել և բազմիցս Վրաստանի կենտրոնական իշխանությանն են ներկայացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծումից է կախված հայ ազգաբնակչության հետագա գոյատևումը Ջավախքում և հայ-վրացական բարեկամության ամրապնդումը:
Այս հիմնախնդիրներին են պատկանում ազգային ինքնության պահպանման, քաղաքական, հոգևոր-մշակութային, կրթական և սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը: Մասնավորապես, մեզ համար կենսական նշանակություն ունեն.
▪ տեղական իշխանության մարմիններին ավելի լայն լիազորություններով օժտելը,
▪ վրաց պետական լեզվին զուգահեռ հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրամադրելը,
▪ մարդու և համախումբ բնակվող ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանությունն ապահովելը,
▪ վրացական իշխանությունների կողմից տարածաշրջանում ժողովրդագրական կազմի արհեստական փոփոխությանը միտված քաղաքականության բացառումը,
▪ Ջավախք-Հայաստան բազմակողմանի կապերը միտումնավոր խոչընդոտելու քաղաքականության բացառումը,
▪ տարածաշրջանի հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ ապօրինի հետապնդումների ու հալածանքների բացառումը,
▪ հայ-վրացական պետական սահմանի Ջավախքի հատվածում սահմանի անցման արհեստական խոչընդոտների վերացումը,
▪ պետական կրթական համակարգի օպտիմալ համակարգումը հայկական ազգային կրթության հետ,
▪ տարածաշրջանում հայկական ազգային մշակույթի պահպանման և զարգացման միջոցառումների մշակումը և իրագործումը,
▪ Ջավախքում ներդրումային և հումանիտար քաղաքականությանը նպաստող օրենսդրական փաթեթի մշակումը:
Համոզված ենք, որ առանց այս խնդիրների լուծման, Ջավախքում կպահպանվի մշտական լարվածություն, և այդ պատճառով էլ մենք պայքարում ենք դրանց լուծման համար: Խնդիրները վերանում են դրանք լուծելով, ոչ թե դրանց բարձրացնողներին լռեցնելով:
Մենք համագործակցում ենք այս խնդիրները բաձրացնող և նրանց լուծմանը նպաստող բոլոր հասարակական և քաղաքական կազմակերպությունների ու անհատների հետ և պայքարելու ենք բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են անձնական նպատակներով հասարակության ուշադրությունը շեղել դրանից:
Համոզված ենք, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ համընկնում են Հայաստանի և Վրաստանի պետական շահերը:
Իսկական հայ-վրացական բարեկամություն կհաստատվի միայն բարձրացրած խնդիրների լուծման արդյունքում:
Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ`
Վիրք կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյան
Ակունք միության նախագահ Մելս Թորոսյան
Ջավախք ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյան
Ջավախքի մտավորականների միության նախագահ Ազատ Շիպակցյան
|
all rights reserved 2007-2013 site designed and developed by Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org
|
|
|