choose language
      [english]   [armenian]   [russian]

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ



«Աշխարհի ոչ մի երկրում նման նացիստական քարոզչություն չի տարվում, ինչպես Ադրբեջանում»
Հեղինակ՝ Աստղիկ Խաչատրյան | Ամսաթիվ՝ 20-04-2009 | Տպել



Աղբյուրը՝ Hetq.am, 20.04.2009

Ադրբեջանի՝ իր բնակչության մեջ և արտերկրում հայերի նկատմամբ ատելություն սերմանող քաղաքականությունը չի կարող լուրջ մտահոգություն չառաջացնել։ Հայաստանում վերջերս մի խումբ սկսել է ուսումասիրել այն թեզերը, որոնց հիման վրա Ադրբեջանը կառուցում է իր քարոզչությունը։ Խմբի անդամ, Armenianhouse.org էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը պատասխանում է «Հետքի» հարցերին:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է տեղեկատվական պատերազմ։ Ինչպիսի՞ն են Հայաստանի դիրքերն այդ չհայտարարված պատերազմում։

1988-ից մինչև 1994 թ. մենք շատ լավ հասկանում էինք քարոզչության կարևորությունը, և չնայած սուղ ռեսուրսներին, բավականին հաջող հոգեբանական-տեղեկատվական պատերազմ էինք վարում, բայց 1994 թվականից հետո միանգամից հանգստացանք՝ համարելով, որ ամեն ինչ ավարտված է։ Իրավիճակը շատ արագ փոխվեց հօգուտ հակառակորդի, քանի որ ադրբեջանցի թուրքերի համար պատերազմը դեռ չի ավարտվել, և ի տարբերություն մեզ` իրենք իրենց որպես պատերազմող երկիր են ընկալում։ Պատկերացրեք` մարգում մեկ մարդ մյուսի վրա կրակի, իսկ թիրախ դարձած մարդը դա չնկատի ու շարունակի ծաղիկներ հավաքել։

Ընդհանրապես քարոզչությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու տիպի՝ պատերազմական (ճգնաժամային) և երկարաժամկետ։ Պատերազմական քարոզչությունը կարճաժամկետ խնդիրներ է լուծում, օրինակ՝ ցանկացած հնարքներով, նույնիսկ բացահայտ կեղծիքներով ստիպել թշնամուն այս կամ այն, իր համար ոչ նպաստավոր գործողությունը կատարել։ Այո´, վաղը կարող է պարզվի, որ խաբել են, բայց պատերազմի ընթացքն արդեն փոխված կլինի։ Ճգնաժամային իրավիճակներից դուրս այսպիսի քարոզչություն վարելն անիմաստ է, քանի որ մարդիկ սկսում են քննադատորեն մոտենալ դրան, «անհարմար» հարցեր տալ և իրենց բավարարող պատասխաններ չստանալով՝ թերահավատորեն մոտենալ այդպիսի քարոզչությանը։

Բայց խնդիրն այն է, որ հրադադարի պայմանագիրը կնքելուց 15 տարի անց էլ ադրբեջանական կողմը շարունակում է հենց պատերազմական քարոզչություն տանել։ Եւ եթե հայկական ոչ մի լուրջ գործակալություն սովորական պայմաններում իրեն թույլ չի տա բացահայտ ապատեղեկատվություն տարածել, ադրբեջանական ԶԼՄ-ների համար սա սովորական երևույթ է. նույնիսկ ադրբեջանական պետական ԱՊԱ գործակալությունը բացահայտ կեղծիքներ է տարածում, էլ չասենք մյուս տեղեկատվական գործակալությունների մասին։ Վերջին օրինակներից մեկը բերեմ՝ ադրբեջանական լրատվական կայքերից մեկում հրապարակվել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ կեղծ հարցազրույց։

Այս տեսակ «տեղեկատվության» տարածումն առաջին հերթին նպատակ ունի հայկական կողմին բարոյալքելու, երկպառակտելու, վախեցնելու, մի խոսքով՝ հայերի դիմադրողականությունը թուլացնելու։ Փաստորեն, պատերազմական գործողություններ են։ Եւ ադրբեջանցի թուրքերը շատ հետևողական են այս հարցում, աշխատում են համակարգված և լավ հասկանում են այս աշխատանքի կարևորությունը։

Ի դեպ, թեպետ Թուրքիան հաճախ ստվերում է մնում, բայց Ադրբեջանի համար թիվ մեկ օգնականն է և հաճախ նույնիսկ նախաձեռոողը նման գործողությունների։ Թուրքիան շատ ավելի վտանագավոր ախոյան է, քան Ադրբեջանը։ Նա իր հակահայկական քարոզչությունը վայրկյան իսկ չի դադարեցրել, չնայած «ֆուբոլային դիվանագիտության» մասին բոլոր խոսակցություններին։ Նա շարունակում է Ադրբեջանին ամեն կերպ աջակցել։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի քայլերի ետևում հաճախ կանգնած է Թուրքիան կամ թուրք մասնագետները։

Հայկական շատ լրատվամիջոցներ հաճախ են արտատպում ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, դա ինչքանո՞վ է վտանգավոր մեզ համար։

Դա գալիս է թույլ պատրաստվածությունից։ Թշնամին քեզ մի չպայթած ական է տալիս, դու էլ վերցնում ու սկսում ես հետը խաղալ, ինքդ քո ձեռքով պայթեցնում։ Այն է՝ բերում ես հայկական տեղեկատվական դաշտ ու սկսում տարածել։ Հաճախ վերցնում են ադրբեջանական տեքստը, աղբյուրը չեն նշում՝ ներկայացնելով որպես սեփական տեքստ։ Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցները, որպես իրենց իսկ ներարկած ապատեղեկատվության աղբյուր, սկսում են նշել հայկական լրատվամիջոցը։ Փաստորեն, պատրաստակամորեն օգնում ենք տարածել թշնամական քարոզչությունը։

Բացի այդ, մեր շատ երիտասարդներ կարծում են, որ, օրինակ «day.az» լրատվական կայքը տալիս է «անաչառ տեղեկատվություն» և ավելի հրատապ է, քան հայկական ԶԼՄ-ները։ Սակայն չեն հասկանում, որ քարոզչությունը պարտադիր չէ, որ բացարձակ սուտ լինի, քարոզչությունը կարող են իրականացնել նաև ավելի նուրբ՝ ընդամենը ճշմարտության մի փոքր մասը թաքցնելով, իրական փաստը ենթատեքստից պոկելով, շեշտադրումները փոխելով։

Ձեր ասածներից կարելի՞ է եզրակացնել, որ Ադրբեջանի տեղեկատվական հարձակումներին Հայաստանի արձագանքը համարժեք չէ։

Այո։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հայ վերնախավն իրեն պատկերացնում է Արևմտյան Եվրոպայի մի մաս, և շատերին տեղեկատվական անվտանգության խնդիրները իրականությունից հեռու են թվում։ Բայց եթե ինչ-որ մեկը իրականությունից կտրված է, այդ իրենք են։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե պետք է գաղափար ունենային այս խնդիրներից, կամ տեղյակ չեն, կամ տարօրինակ կերպով ինքնավստահ են։ Այս կեցվածքն ինձ համար զարմանալի և վրդովեցուցիչ է։ Այս քանակությամբ թույնը, որ այսօր ներարկվում է ադրբեջանական հասարակության մեջ, ինքն իրեն չի անհետանալու։ Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր կնքվի, դա ընդամենը լինելու է նույն ժամանակավոր հրադադարը։ Երևի թե աշխարհի ոչ մի երկրում նման նացիստական քարոզչություն չի տարվում, ինչպես Ադրբեջանում է տարվում։ Արդի Ադրբեջանը կարելի է համեմատել 30-ականների նացիստական Գերմանիայի հետ, ուր ամեն միջոց օգտագործելով` հակահրեական քարոզչություն էր վարվում`սանձարձակ և առանց սահմանների։ Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցաբար ստեղծում է ցեղասպանություն իրագործելուն պատրաստ ժողովուրդ։

Հաճախ նաև հանդիպումներ են անցկացվում հայ եւ ադրբեջանցի երիտասարդների միջև, որոնց հայ երիտասարդները գնում են լրիվ անպատրաստ, անտեղյակ ու այնտեղ հանդիպում ադրբեջանցիների, որոնք նախօրոք զինվել են փաստերով ու սկսում են ռմբակոծել հայկական կողմին: Հայերի մոտ սկսում է շփոթություն, ինչ-որ խուճապային իրավիճակ ու սկսում են լսել, թե ինչ են ասում ադրբեջանցիները:

Արդյոք համարժեք արձագանքը Ադրբեջանի վարած տեղեկատվական պատերազմին ենթադրու՞մ է պատասխան ցանկացած տիպի ապատեղեկատվության։

Ո´չ։ Ապատեղեկատվությունը երկարաժամկետ աշխատանքում վնասակար է և վարկաբեկում է ապատեղեկատվություն տարածող կողմին։

Սխալ է կապել քարոզչությունը միայն ապատեղեկատվության հետ։ Նաև որոշ դեպքերում կարելի է զրպարտանքին չպատասխանել` ավելորդ անգամ այն չտարածելու համար։ Սակայն մեծ մասամբ արձագանքել պետք է։ Պարտադիր չէ սիմետրիկ մեթոդներով, բայց պատասխանել անհրաժեշտ է։ Նաև սխալ եմ համարում անընդհատ արդարանալը։ Երբ քեզ անհիմն մեղադրանքներ են նետում, իսկ դու միայն արդարանում ես, անկախ այն բանից` մեղավոր ես, թե ոչ, չեզոք դիտորդի աչքում սկսում ես որպես մեղավոր ընկալվել։

Ադրբեջանցիներին բնորոշ, կարելի է ասել «լաչառ», քարոզչության դեմ պայքարելու միակ ձևը հակահարձակումն է։ Իհարկե, առանց ավելորդ կրքոտության ու հիմնվելով փաստերի վրա, հատկապես, որ մենք շատ լուրջ մեղադրանքներ ունենք Ադրբեջանի թուրքերին ներկայացնելու։ Չգիտեմ, թե ինչու` սկսել ենք մոռանալ Բաքվի 1990 թ. ջարդերի, Գանձակի 1988 թ. դեպքերի մասին, մինչև հիմա անգամ Սումգայիթի զոհերի իրական թիվը հայտնի չէ, և Հայաստանում ոչ ոք չի զբաղվում այդ հարցով։ Այդ աչքի ընկնող դեպքերից բացի էլի շատ հայեր ու ռուսներ են սպանվել Ադրբեջանում, որոնց պատմությունները մենք չենք էլ փորձում ի հայտ բերել։ Եթե անգամ այդ հին դեպքերը մոռանանք, տվյալ պահին ադրբեջանցիներն անընդհատ հանցագործություններ են կատարում հայերի դեմ։ Գերի ադրբեջանցուն շատ լավ են վերաբերվում Հայաստանում, իսկ ադրբեջանցի թուրքերի ձեռքն ընկած հայերը խոշտանգվում են, երբեմն նույնիսկ սպանվում։ Հենց անցյալ տարվա վերջին էր, երբ մեր գերիներից մեկին տանջամահ արեցին։ Ինչո՞ւ այս հարցերն անընդհատ չեն բարձրացվում միջազգային ատյաններում։ Ինչո՞ւ Ադրբեջանի վրա անընդհատ ճնշում չի գործադրվում։

Չպետք է մոռանալ նաև, որ հակահայկական քարոզչությունը նաև չեզոք ազգերին է ուղղված։ Մարդիկ, որ ո´չ Հայաստանից են տեղյակ, ո´չ էլ Ադրբեջանից, սարսափելի բաներ են լսում Հայաստանի ու հայերի մասին և ոչ մի պատճառ չունեն այդ կեղծիքներին չհավատալու։ Ցանկություն էլ չունեն խորանալ, հետազոտել, ստուգել, քանի որ իրենց առօրյա խնդիրներն ունեն։ Իսկ հակահայկական քարոզչությունը ուղեղներում աստիճանաբար թունավոր «նստվածք» է թողնում։ Մի գեղեցիկ օր էլ կարող է իրենց երկրների ղեկավարությունից պահանջեն ադրբեջանամետ դիրք զբաղեցնել այս կամ այն հարցում։ Մեր իշխանությունները պետք է անհապաղ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն այն խայտառակ քարոզչության վրա, որ վարում է Ադրբեջանը։ Պետք է ստեղծել տեղեկատվական հոսքերի մոնիտորինգի լուրջ համակարգ և շատ խիստ հետևել հակահայկական գործողություններին և հայտարարություններին

Փաստորեն, արձագանքելո՞ւն են ուղղված ձեր կողմից մշակված թեզիսները։

Քանի որ քարոզչություն է վարվում, այն պետք է ինչ-որ պնդումների վրա հիմնված լինի։ Մեր դեմ օգտագործվող քարոզչական թեզերի և պնդումների ցուցակը վաղուց էր պետք կազմել, բայց դրանով ոչ ոք չէր զբաղում։ Վերջապես անցյալ տարվա վերջին «դանակը ոսկորին հասավ», ու մի քանի համախոհներով ցուցակագրեցինք այդ պնդումների մի մասը։ Հավաքվեց մոտ 90 թեզ, որոնց վրա օրեցօր նորերն են ավելանում։ Թեզերը դասակարգում ենք, օրինակ՝ ըստ թիրախային լսարանի, ըստ փաստարկների տիպի և այլն։ Օրինակ՝ մի մեծ խումբ են պատմական թեզերը, երբ փորձում են պատմական իրադարձությունները խեղաթյուրել` ժամանակագրության հետ մանիպուլյացիաներ կատարելով, ենթատեքստից դուրս հանելով, կարևոր իրադարձություններն անտեսելով, փոխարենը` ուժեղ շեշտ դնելով մասնավոր դեպքերի վրա։ Նպատակն առաջին հերթին հայերին զավթիչ ներկայացնելն է, այս հողի վրա եկվորներ։

Մեկ այլ խմբի են պատկանում իբր միջազգային իրավունքի վրա հիմնված փաստարկները։ Այստեղ նույնպես բաց են թողնում կարևոր պահեր, որոնք իրենց ձեռնտու չեն։ Օրինակ՝ պնդում են, որ Հայաստանը գրավել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, բայց «մոռանում», որ «միջազգայնորեն ճանաչված տարածք» հասկացություն չկա, ամեն երկիր կնքում է սահմանազատման պայմանագրեր իր անմիջական հարևանների հետ։ Այսօր Ադրբեջանը ունի վիճելի տարածքներ իր բոլոր հարևանների հետ՝ Իրանի, Թուրքմենիայի, Ռուսաստանի ու Վրաստանի։ Հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող ոչ մի պայմանագիր չունենք, այդ տեսակետից մեր սահմանն էլ «ճանաչված» չէ։ Բացի այդ, Ադրբեջանը հանդես է գալիս որպես 1918–20 թթ. Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, իսկ այն Հայաստանի Հանրապետության հետ նույնպես հստակ որոշված սահման չի ունեցել, ընդ որում` վիճելի տարածք էր ոչ միայն Արցախը, այլ նաև Նախիջևանը։

Մեկ այլ խումբ են քաղաքակրթական թեզերը, ուր պնդվում է, թե մեր օրերում ամեն ինչ միայն «քաղաքակիրթ» ձևով է արվում։ Ու միայն պնդաճակատ հայերն են, որ պատմության գերին են դարձել ու ժամանակակից դեմոկրատական մեթոդներից խորշում են, կարծես ԱՄՆ ներխուժումը Իրաք կամ էլ Սերբիայից Կոսովոն պոկելը դարեր առաջ են տեղի ունեցել։

Թեզերը ցուցակագրելուց հետո ի՞նչ եք պատրաստվում անել:

Աշխատանքը պետք է բերվի ինչ-որ ավարտուն տեսքի։ Պնդումները պետք է հերքվեն կամ մեկնաբանվեն, որպեսզի հասկացվի, թե այս կամ այն թեզն ինչ նպատակներ է հետապնդում։ Անհրաժեշտ է ցույց տալ աղբյուրները, թե ինչքանով է այս կամ այն թեզը հաճախ կիրառվում։ Պետք է հաշվի առնել, որ ժամանակի ընթացքում որոշ թեզերի կարևորությունը թուլանում է, թեզերը ձևափոխվում են, կամ էլ նոր թեզեր են առաջ քաշվում։ Կան նաև թեզեր, որոնք իրականության վրա են հիմնված, ինչքան էլ մեզ համար տհաճ լինի, դրանք ամենալուրջն են և ամենավտանգավորը, քանի որ հիմնավորված են։

Այս աշխատանքը կատարելուց հետո կփորձենք հրապարակել, տարածել հետաքրքրված մարդկանց մեջ։ Արտգործնախարարությանն էլ չէր խանգարի նման ցուցակ ունենալ ձեռքի տակ։ Ցավոք, ինչպես արդեն նշել էի, շատերը, որ ի պաշտոնե պարտավոր են զբաղվել այս խնդիրներով, ընդհանրապես չեն հետաքրքրվում այս հարցերով։ Ու երբ առաջարկներ ես անում, քեզ ընկալում են որպես գլխացավանք, այլ ոչ թե օգտակար տեղեկատվության աղբյուր։

Նույն անտարբերությամբ կարելի՞ է պայմանավորել նաև վերջերս ակտիվացած հակերային հարձակումները անգամ պաշտոնական կայքէջերի վրա։

Այսօր ցանցահենների հարձակումներն իրականություն ու լուրջ խնդիր են ամբողջ աշխարհում։ Ուրիշ հարց, որ մեր դեպքում այդ հարձակումներից շատերը ավարտում են հաջողությամբ։

«Ազգային անվտանգության ռազմավարության» շրջանակներում «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի» մշակման համար ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտեց իր աշխատանքը, շուտով հայեցակարգը կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը: Արդյո՞ք հայեցակարգի մշակումը կփոխի իրավիճակն ու վերաբերմունքը այդ ոլորտում առկա խնդիրների նկատմամբ, և առհասարակ ի՞նչ պետք է անել։

Քիչ է հայեցակարգ մշակելը, պետք է այն կյանքի կոչել, աշխատել է պետք։ Չեն կատարվում տարրական քայլեր, որ կարելի էր իրագործել բավականին փոքր ծախսերով, առանց ինչ-որ հերոսական ճիգեր գործադրելու։ Ամեն մի գերատեսչություն բյուջեի «վերմակն» իր վրա է քաշում` հաճախ մոռանալով, թե իրենց աշխատանքի նպատակը որն է։ Պարզ օրինակ՝ մինչև հիմա բոլոր հայկական հեռուստաալիքները Արցախի սահմանի փոխարեն ցույց են տալիս վաղուց արդեն պատմության գիրկն անցած ԼՂԻՄ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի քարտեզը։ Եւ սա այն դեպքում, երբ աշխարհում չկա գեթ մեկ կառույց, որ ԼՂԻՄ-ի մասին ակնարկի։ Ադրբեջանի իշխանությունները դեռ 1991 թվականին օրենք ընդունեցին, համաձայն որի ԼՂԻՄ-ը կազմալուծված են համարում։ Եւ պետական ենթակայության տակ գտնվող Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտը վաղուց արդեն ճիշտ սահմաններով քարտեզներ է տպում։

Բայց ի՞նչն է պատճառը, որ հեռուստաընկերությունները գոյություն չունեցող սահմաններով քարտեզներ են ցուցադրում։ Այս տեսահոլովակները շտկելու համար ընդամենը մեկ-երկու հազար դոլարին համարժեք դրամ է պետք ծախսել, ու միջգերատեսչական ժողովներ հավաքելու կամ հայեցակարգեր մշակելու կարիք չկա։


all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org