choose language [english] [armenian] [russian] |
|
|
ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները էթնոհոգեբանության դիրքերից Հեղինակ՝ Ալբերտ Նալչաջյան | Ամսաթիվ՝ 14-04-2009 | Տպել Հայ-թուրքական հարաբերություններում առկա բարդ ու պատասխանատու խնդիրները հայ ազգի համար օգտակար ձևով լուծելու նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել որոշ կարևորագույն էթնոհոգեբանական գործոններ, որոնք, ցավոք, որպես կանոն, աչքաթող են արվում հայ քաղաքագետների կողմից։ 1) Հաշվի չեն առնվում թուրք էթնոսի կայուն հոգեկերտվածքն ու էթնոքաղաքական նպատակները։ 2) Առաջ են քաշվում թուրքական պետության և թուրք էթնոսի բնույթի փոխված լինելու մասին միանգամայն անհիմն և պարզունակ գաղափարներ։ 3) Հաշվի չեն առնվում նաև ժամանակակից հայերի էթնոհոգեբանական առանձնահատկությունները, ազգային ինքնագիտակցության, էթնոպաշտպան մեխանիզմների, ինչպես նաև համախմբվածության անբավարար մակարդակը, ինչպես նաև` 4) էթնիկական անհամատեղելիության երևույթը։
Այս և մի շարք այլ պատճառներով հայ-թուրքական հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրների լուծման գործում, մեղմ ասած, թույլ են տրվում անզգույշ քայլեր, որոնք հիմնված չեն քիչ թե շատ ճշգրիտ փաստարկների և հաշվումների վրա։ Այդ խնդիրներից են հետևյալները. ա) հայ-թուրքական սահմանի բացումը, բ) ցեղասպանության խնդիրը, գ) Հայաստանի ռազմավարական ծրագրերի իրականացմանը թուրքերին մասնակից դարձնելու պատրաստակամությունը և այլն։ Որոշ հայ գործիչներ նույնիսկ շահագրգռված են Թուրքիայի արևելյան նահանգների զարգացմամբ՝ թշնամուն ուժեղացնելու պարադոքսալ հակում հանդես բերելով։ Կարելի է ասել, որ հայկական դիվանագիտությունն այսօր որոշ չափով թուրքերի լարած ծուղակում հայտնվելու շեմին է հասել։
Առաջարկում ենք. 1) Հայաստանի և Թուրքիայի միջև հյուպատոսական ծառայությունների մակարդակից ավելի բարձր կարգի դիվանագիտական հարաբերություններ չհաստատել, 2) թուրք գործարարներին և պետությանը մոտ չթողնել Հայաստանի ռազմավարական ծրագրերին (օրինակ՝ նոր ատոմակայանիկառուցմանն ու ֆինանսավորմանը), 3) ոչ մի կերպ չնպաստել Թուրքիայի՝ Եվրոպական Միությանը միանալու ձգտմանը՝ այդ ոլորտում համագործակցելով այլ երկրների հետ, 4) խրախուսել հայ արտադրողներին և հայկական ապրանքների արտահանումը, 5) ամեն կերպ մեծացնել երկրի ռազմական հզորությունը, 6) Հայաստանի ողջ տարածքում դադարեցնել քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական աղանդների և այլ կազմակերպությունների գործունեությունը, 7) արագացնել ազատագրված տարածքների բնակեցումն ու ինտեգրումը ԼՂՀ հետ, 8) «անցանկալի անձ» հայտարարել այն բոլոր օտար գործիչներին, ովքեր, Հայաստան մտնելով, փորձում են քարոզել և գործել Թուրքիայի և Ադրբեջանի օգտին՝ վիրավորելով հայ ազգի արժանապատվությունը, 9) դադարեցնել այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ այն «մարտական հետախուզության» փորձ համարելով, որը թույլ տվեց ևս մեկ անգամ բացահայտել թուրքերի իրական մտադրությունները, 10) Հայաստանի դպրոցներում և բուհերում ուժեղացնել ազգային դաստիարակությունը, մասնավորապես ազգային գաղափարախոսության և էթնոհոգեբանության դասավանդման միջոցով։
Ալբերտ Նալչաջյան
դոցենտ «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ |
all rights reserved 2007-2013 site designed and developed by Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org
|
|
|