choose language
      [english]   [armenian]   [russian]

Անցքեր 2008




Ս/թ դեկտեմբերի 6-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Ամառային դպրոցի շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականները: ԱՌԿ-ի գրասենյակում տեղի ունեցած արարողության ժամանակ ողջույնի և շնորհավորական խոսքով շրջանավարտներին դիմեց և վկայականները հանձնեց կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկ. Արմեն Այվազյանը: Շնորհավորելու էին եկել նաև դպրոցի դպրոցի հարցերով պատասխանատու Կարեն Վրթանեսյանը և հրավիրված դասախոսներ հոգ. գիտ. թեկ. Ալբերտ Նալչաջյանը, պատ. գիտ. դոկ. Էդիկ Դանիելյանը, բան. գիտ. թեկ. Լուսինե Սահակյանը, երաժ. գիտ. թեկ. Մհեր Նավոյանը:




2008 թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպսկ. Չուլջյանի և Վանաձորի մանկավարժական համալսարանի տնօրինության հրավերով՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկ. Արմեն Այվազյանը դասախոսություն կարդաց Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում՝ «Հայկական ինքնության կազմավորումը» թեմայով։ Դասախոսությանը հետևեց աշխույժ հարց ու պատասխանը։




Ս. թ. նոյեմբերի 13-14-ին Թեհրանում տեղի ունեցավ «Հայ Դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովը՝ «Կովկասի ներկա իրադրության պայմաններում Հայ Դատի հետապնդման նոր մարտահրավերներ» ընդհանուր թեմայով։ «Հայ-թուրքական հակամարտության կառուցվածքային վերլուծություն» վերնագիրը կրող զեկուցումով հանդես եկավ նաև «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկ. Արմեն Այվազյանը։




Ս. թ. հոկտեմբերի 16-20-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը, «Իրանահայ ազգային և մշակութային միության» հրավերով այցելեց Թեհրան և Սպահան (Իրանի Իսլամական Հանրապետություն), որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցավ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ։ Հոկտեմբերի 16-ին Թեհրանում Ա. Այվազյանը ելույթ ունեցավ Թարգմանչաց տոնին նվիրված տարեկան մշակութային միջոցառմանը։

Ներկայացնում ենք այցը լուսաբանող մի շարք լուսանկարներ։




Լսումներ ԼՂՀ խորհրդարանում
Հոկտեմբերի 10-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը մասնակցել է ԼՂՀ Ազգային ժողովում կայացած «Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարները» խորհրդարանական լսումներին: ՀՀ-ից լսումներին մասնակցել են ՀՀ փոխարտգործնախարար Շ. Քոչարյանը, խորհրդարանի պատգամավոր Է. Սողոմոնյանը և մի քանի փորձագետ:
Միջոցառումը լուսաբանել են մի շարք լրատվամիջոցներ։ Առավել մանրամասն Ա. Այվազյանն անդրադարձել է լսումներին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում (14.10.2008):



Հանդիպում Շվեյցարիայի խորհրդարանականների հետ
Հոկտեմբերի 8-ին Կովկասյան ինստիտուտը կազմակերպել էր մի խումբ հայ փորձագետների հանդիպումը Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի և Շվեյցարիայի Դաշնային Ժողովում գործող “Շվեյցարիա-Հայաստան” խորհրդարանական խմբի անդամների հետ:

Ռիչարդ Կիրակոսյանն ու Սերգեյ Մինասյանը խոսեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը շվեյցարացի խորհրդարանականներին ներկայացրեց “Արցախյան հիմնախնդիրը տարածաշրջանային վերափոխությունների համատեքստում” խորագրով զեկույցը, որը և հատվածաբար հրապարակում ենք:




03 հոկտեմբեր 2008
Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ

Այսօր` հոկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը հանդիպում կունենա Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպումը նախաձեռնել է համալսարանին կից գործող «Երիտասարդ լրագրողների ակումբը»: Պրն. Այվազյանն ուսանողների հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգության, հայ-թուրքական հակամարտության, Արցախի հիմնախնդրի և ազգային ինքնության հարցերը: Հանդիպումը կամփոփվի հարց ու պատասխանով: Միջոցառման մուտքն ազատ է. հասցեն` Ալեք Մանուկյան փ. 5, Երևանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Մուլտիմեդիա» կենտրոն:




01 հոկտեմբեր 2008
«Արարատ» կենտրոնի տնօրենի հանդիպումը Վանաձորի ուսանողների հետ

Ս/թ սեպտեմբերի 30-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը դասախոսությամբ հանդես եկավ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում: Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր Վանաձորի` «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Հանդիպմանը ներկա էր շուրջ հարյուր ուսանող Վանաձոր քաղաքի մի շարք կրթական օջախներից: Դասախոսության առանցքային թեման հայկական ինքնության հիմնատարրերն ու արդի հիմնախնդիրներն էին: Դասախոսությանը հետևած հարց ու պատասխանի ընթացքում արծարծվեցին նաև Հայաստանի ռազմավարական անվտանգության խնդիրները` հայ-թուրքական հակամարտության համատեքստում:




22 սեպտեմբերի 2008թ.
ԱՐԱՐԱՏ ռազմավարագիտական կենտրոնը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է բանահավաք և մշակող Սուրեն Սահակյանի «Ասք Անդրանիկ Զորավարի մասին» գիրքը և Սահակ Սահակյանի ռազմահայրենասիրական երգերի «Հարատև Պայքար» ձայներիզը
Շնորհանդեսը տեղի կունենա ս. թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը




Գիրքն ընթերցողին է ներկայացնում Զորավար Անդրանիկի մասին բարբառագետ-բանահավաք Սուրեն Սահակյանի 1960-1980-ական թթ. արևմտահայերից, առավելաբար՝ ալաշկերտցիներից, սասունցիներից, մշեցիներից ու շապինգարահիսարցիներից, ինչպես նաև արևելահայերից գրառած ու մշակած վիպասքը։ 19-20-րդ դարերում ստեղծված դյուցազներգության բացառիկ այս նմուշը յուրովի է արտացոլում Զորավար Անդրանիկի և նրա մարտական ընկերների սխրանքներով լի կյանքը: Վիպասքը հայ ժողովրդի հավաքական մտայնության` ազգային ազատագրական պայքարի ու հերոսականի նկատմամբ վերաբերմունքի հրաշալի արգասիք է:

Շնորհանդեսին կներկայացվի նաև ռազմահայրենասիրական երգերի վարպետ Սահակ Սահակյանի նոր ձայներիզը։ Հեղինակի կատարմամբ կհնչեն մի շարք երգեր։

Գիրքը և ձայներիզը կներկայացնեն`

• բանասիրական գիտ. թ., գրքի խմբագիր Լուսինե Սահակյանը,
• բանասիրական գիտ. թ. Արուսյակ Սահակյանը,
• պատմական գիտ. թ. Ալեքսանդր Սաֆարյանը,
• բանասիրական գիտ. թ. Թովմաս Պողոսյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն՝ 274833 հեռախոսահամարով կամ info@ararat-center.org կամ araratinfo@gmail.com
էլեկտրոնային հասցեներով։




01 սեպտեմբեր 2008թ.
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը պարգևատրվել է «Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժման 20-ամյակ» մեդալով

2008 թ. օգոստոսի 30-ին Ստեփանակերտում մեդալը կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանին է հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ կենտրոնի Ամառային դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես նշել է պրն. Ղուլյանը, մեդալը շնորհվում է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին՝ Արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը նվիրված հետևողական աշխատանքի և ուսումնասիրությունների համար։

Մեդալի երեսին պատկերված են Ս. Բաղդասարյանի` «Մենք ենք մեր սարերը» («Ղարաբաղցիներ») Ստեփանակերտում տեղադրված հուշակոթողը և 20-ամյա Շարժումը մարմնավորող տարեթվերը, իսկ դարձերեսին շարժման խորհրդանիշ հանդիսացող Բռունցքը և ԼՂՀ դրոշը` աղավնու եզրագծով:








9 օգոստոսի 2008թ.

ՀԱՅԿՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 4500 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հայրենակիցնե՛ր,

2008 թվականին լրանում է Հայկ Նահապետի` Հայոց Ձորի ճակատամարտում Բելի դեմ տարած հաղթանակի 4500 տարին: Մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի տոմարագիտական հաշվարկի համաձայն, ճակատամարտի օրը համընկնում է հայկական օրացույցի Նավասարդի 1-ին, այն է՝ օգոստոսի 11-ին: Հայկյան հաղթանակով հայոց պետականության կազմավորումն ու զարգացումը դրվել են ամուր հիմքերի վրա:

ԱՐԱՐԱՏ ռազմավարագիտական կենտրոնը շնորհավորում է համայն հայությանն այս փառապանծ տոնի առթիվ և մաղթում, որպեսզի հայոց հավաքական կամքը լինի հայկյան բազկի պես ամուր և անսասան։

Հիշելով մեր պետականակերտ հաղթանակը` վստահ ենք, որ պատվով կդիմագրավե՛նք նաև Հայաստանի և հայության առջև ծառացած ներկա մարտահրավերները, քայլ առ քայլ կկերտե՛նք մեր անդառնալիորեն հզոր և միասնական ապագան։

Այս տոնի առթիվ ԱՐԱՐԱՏ ՌԿ-ն իր կայքում ներկայացնում է`
• Պատմագիտության դոկտոր-պրոֆեսոր Էդվարդ Լ. Դանիելյանի հոդվածը՝ Հայկի հաղթանակի պատմական նշանակության և այդ անցքի տոմարագիտական հաշվարկի մասին,
• Մովսես Խորենացու պահպանած «Վահագնի ծնունդը» հին հայկական ձոնը՝ ռուսերեն և անգլերեն թարգմանություններով հանդերձ,
• Ռուզան Սահակյանի «Վահագնի ծնունդը» հեղինակային երգը` նվիրված Հայկյան հաղթանակի 4500 ամյակին (ներկայացվում է առաջին անգամ),
• Հայոց դիցաբանության ռազմի աստված Վահագնի ծնունդը պատկերող պաստառ:

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆ:


ԱՐԱՐԱՏ ռազմավարագիտական կենտրոն
Երևան, 9 օգոստոսի 2008թ.




«Արարատ» Ռազմավարագիտական Կենտրոնի Ամառային դպրոցի ուսանողներին հուլիսի 28-ին ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարն անդրադարձավ հայոց զինուժի ստեղծման ու կազմավորման առանձնահատկություններին, ներկայացրեց բանակի անցած փուլերն ու ներկա խնդիրները:
Հանդպումն անցավ աշխույժ մթնոլորտում: Ամառային դպրոցի ուսանողները բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարարին` մասնավորապես տեղեկատվական անվտանգության, ռազմահայրենասիրական դաստիարակության, ռազմական բարեփոխումների մասին: Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաեւ հայկական կողմի դիրքորոշումը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ: Ներկայացնում ենք Հանրային հեռուստատեսության «Հայլուր» և «Արմենիա» հեռուստատեսության «Ժամը» լրատվականների պատրաստած տեսանյութերը, ինչպես նաեւ` «Հայաստանի Հանրապետություն» եւ «Առավոտ» օրաթերթերի հրապարակումները:



Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
15 հուլիսի 2008թ.


«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը տեղեկացնում է իր «Ջավախք» ծրագրի նոր փուլի գործարկման մասին:

Այսուհետ մեր կայքի «Ջավախք» բաժնում կարող եք կարդալ բազմաբնույթ նյութեր՝ նորություններ, փաստեր, ուսումնասիրություններ, ռազմավարական կարևորություն ունեցող հայաբնակ այս շրջանի սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային ու ժողովրդագրական իրավիճակի մասին:

Հուսով ենք`մեր ծրագիրը կօգնի հայ հասարակության լայն շրջանակներին, ինչպես նաև որոշում կայացնողներին հստակ տեսնելու և խորությամբ ըմբռնելու Ջավախքի հայության առջև ծառացած և լուծումներ պահանջող հրատապ խնդիրները:



Արմեն Այվազյան. «Յուրաքանչյուր հայ պատասխանատվություն է կրում Հայաստանի ճակատագրի համար»
Դասախոսություն` ՀԲԸՄ-ի «Ամառային պրակտիկա Երևանում» ծրագրի մասնակիցների համար

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության` (ՀԲԸՄ/AGBU) «Ամառային պրակտիկա Երևանում» ծրագրի շրջանակներում մի շարք երկրներից սփյուռքահայ 18 երիտասարդներ ծանոթանում ու մասնագիտական փորձառություն են ձեռք բերում Հայաստանում: ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից, Ավստրալիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից ժամանած երիտասարդների համար միաժամանակ կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ, մշակութային, կրթական ծրագրեր: Հուլիսի 3-ին ուսուցողական ծրագրի շրջանակներում նրանք ներկա եղան «Արարատ» ՌԿ-ի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի դասախոսությանը:
Պրն. Այվազյանը ներկայացրեց հայկական ինքնության ձևավորման խթանիչները (հիմնատարրերը/հիմնասյուները)` տարածք, լեզու, պետություն, զինված ուժեր, մշակույթ և կրթություն, և դրանց միջոցով հայոց պատմության առավել քիչ ուսումնասիրված մի շարք հարցեր: Առավել մանրամասն քննարկվեց մայրենի լեզվի և հայկական զինուժի դերակատարումը ազգակերտման և ազգապահպանման գործում։ Ա. Այվազյանի բնորոշմամբ` ֆիզիկական գոյատևման համար պայքարը, ցավոք, հայ էթնոսի կենսագործունեության հիմնառանքցն է: Այդ գործառույթն էլ հենց թելադրում և կազմում է հայկական ինքնության հիմնասյունը` անմիջական անձնական ներգրավվածությունն այն պայքարում, որը մղվում է հանուն ազգապահպանման և ազգային նպատակների իրագործման:

Անդրադառնալով հայկական ինքնության չափանիշներին` Ա. Այվազյանը մասնավորապես ընդգծեց հայրենիքի առջև քաղաքական պարտավորություններ ստանձնելու կարևորու¬թյունը: Այսօր կան հայկական ծագում ունեցող մարդիկ, որոնք ցավոք կորցրել են հայրենիքի ընկալումը: Ըստ Ա. Այվազյանի` ինչպես ցանկացած ազգության, այնպես էլ հայի ինքնության հարցում ծագումնաբանությունը երկրորդական նշանակություն ունի: Անհատի իրական ազգային պատկանելիության հարցը որոշվում է նրա այս կամ այն ազգի ընդհանուր կենսագործունեության մեջ ներգրավվածությամբ և ներդրած ավանդով:

Սփյոռքահայ երիտասարդները ակտիվորեն արձագանքեցին հնչած մտքերին ու ներգրավվեցին բանավեճում: Հանդիպումից հետո նրանք կիսվեցին տպավորություններով` հավաստելով, որ այսուհետ առավել ակտիվ ու հետևողական կլինեն Հայաստանի խնդիրների ուսումնասիրման ու դրանց լուծման հարցերում:

«Ես ուսումնասիրել եմ հայոց պատմությունը և համաձայն եմ, որ մենք Սփյուռքում առավել միասնական պետք է գործենք Հայաստանի զարգացման, նոր ժամանակներում հայի ինքության պահպանման համար: Կցանկանայի նշել, որ Սփյուռքի երկրորդ, երրորդ սերունդների ներկայացուցիչների պարագայում տեղեկացվածության խնդիր կա, և նման հանդիպումները լավ առիթ են ու հնարավորություն` ծանոթանալու և հետագա գործունեության ուղիներ նախանշելու համար»:
Սարո,
Կալիֆոռնիա

«Շատ հետաքրքիր դասախոսություն էր և ուսանելի: Ընդունում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է պատասխանատվություն կրի Հայաստանի ճակատագրի համար: Կցանկանայի կրկին մասնակցել այս թեմայով դասախոսության ու քննարկումների»:
Նաիրի,
Կանադա

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն
3 հուլիսի, 2008թ.











Սիրելի Հայրենակիցներ
"Պատրիոտ" ակումբը շնորհավորում է բոլորին հաղթանակի օրվա առթիվ և հրավիրում է հետաքրքիր ու բովանդակալից հանդիպման քաղաքական գիտությունների դոկտոր, "Արարատ" Ռազմավարագիտական Կենտրոնի տնօրեն, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի քաղաքագիտության դասախոս, բազմաթիվ գրքերի, գիտական աշխատությունների հեղինակ, և ամենակարևորը – իսկական Հայ

Արմեն Այվազյանի հետ
Հանդիպման թեման է
Հայկական Ինքնության Արդի Հիմնախնդիրները
կամ
Ով է Հայը
Հանդիպումը տեղի կունենա
Մայիսի 15ին (հինգշաբտի) ժամը 18.30
Հայաստանի Ամերիկյան Համալսարանում - Լսարան 26


Այսօր, Հայաստանի զարգացման բարդագույն ժամանակաշրջանում, հայկական ինքնությունն այն հիմնաքարն է, որը պետք է միավորի հայությանը համազգային նպատակների շուրջ… Մինչդեռ հայ ազգը այսoր կանգնած է անհետացման վտանգի առջև իր իսկ հայրենիքում …




19 մայիսի 2008թ.


Ս/թ մայիսի 17-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը հանդիպում ունեցավ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի սաների հետ: Քաղաքագետը դպրանոց էր այցելել վերջինիս ղեկավարության հրավերով` սեմինար-դասախոսություն անցկացնելու նպատակով: Դասախոսության ընթացքում արծարծվեցին հետևյալ հարցերը.

- Հայաստանի արդի աշխարհաքաղաքական դրությունը,
- Թուրք-ադրբեջանական մեկդարյա ցեղասպանական քաղաքականությունը,
- Հայաստանի ներկայիս տարածքի ռազմավարական կենսունակության խնդիրը,
- Հայկական ռազմավարական մտքի բացերը, քաղաքական, պատմա-աշխարհագրական գիտելիքների պակասը,
- Հայոց առաքելական եկեղեցին որպես հայկական պետականության խորհրդանիշ,
- Հայադավանությունը՝ ազգային կրոն,
- Արտաքին քարոզչական ոտնձգություններն ընդդեմ հայկական եկեղեցու,
- Հավատի և ազգային ինքնության կապը:

Դասախոսությունն ամփոփվեց աշխույժ հարց ու պատասխանով։ Վերջում, ի պատիվ հյուրերի, ելույթ ունեցավ ճեմարանականների երգչախումբը։

Ծանոթագրություն.
Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը հիմնադրվել է 1991թ.-ին, Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին եպս. Ներսիսյանի (այժմ` Գարեգին Բ վեհափառ) կողմից: 1994թ.-ին դպրանոցն անվանակոչվել է երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի անունով: Ներկայումս դպրանոցն ունի 62 սան: Ուսման տևողությունը չորս տարի է. շնորհվում է բակալավրի աստիճան: Այստեղ սաները ստանում են նախ դպիրի, այնուհետև` ուրարակրի հոգևոր աստիճան:



17 մայիսի 2008թ.

Արմեն Այվազյան՝ «Այսօր մեր խաղը պայքարն է»

Ս.թ. մայիսի 15-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ «Արարատ» ՌԿ-ի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի դասախոսությունը՝ «Հայկական ինքնության արդի հիմնախնդիրները կամ ո՞վ է հայը» թեմայով: Այն կազմակերպել էր «Պատրիոտ» ակումբը` ՀԱՀ-ի շրջանավարտների ընկերակցության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին շուրջ 40 հոգի՝ ուսանողներ, դասախոսներ, այլ հետաքրքրված անձինք։

Բանախոսը նախ և առաջ ուրվագծեց այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանն ու հայ ազգը։ «Խորհրդային Միության փլուզմամբ Հայաստանը հայտնվեց այնպիսի խոցելի, պաշտպանական խորությունից զուրկ սահմաններում, որ ռազմական մեկ խոշոր պարտությունը և Արցախի կորուստը կարող էին նշանակել Հայաստանի վերջը: 1990-ականներին մեզ հաջողվեց դիմակայել ու չեզոքացնել ադրբեջանական ագրեսիան: Բայց այսօր կրկին Հայաստանը կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի և թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգի առաջ: Ուստի հենց ա՛յս իրավիճակից ելնելով էլ պետք է քննել հայկական ինքնության հարցը», - մեկնաբանում է Արմեն Այվազյանը:

Անժխտելի է, որ հայոց նորանկախ պետականության ամրապնդման գործում ազգային ինքնությունը ռազմավարական արժեք ու ռեսուրս է։ Այսօր տարբեր սխալ ու թերի ընկալումներ կան հայկական ինքնության բովանդակության, կառուցվածքի, դիմադրողականության մասին։ Խիստ կարևոր է, սակայն, հիմունքային նշանակության հարցերում ընդհանուր համաձայնության հասնելը, հենվելով իրականության սթափ և ճշգրիտ գնահատականի վրա:

Ա. Այվազյանը ներկայացրեց հայկական ինքնության չափանիշները: Հայ է նա, ով` /Հայը նա է, ով`
1. Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիք, ընդ որում` ժամանակագրական-տարածքային երկու չափումներում՝ նրա պատմական և արդի սահմաններում։

Այսօր կան հայկական ծագում ունեցող մարդիկ, որոնք ցավոք կորցրել են հայրենիքի ճիշտ ընկալումը: Ծնվելով մի երկրում, բնակություն հաստատելով մյուսում և քաղաքացիություն ստանալով երրորդում` նրանք ասում են, որ ունեն մի քանի հայրենիք, որոնցից Հայաստանը` ընդամենն իրենց պապերի հայրենիքն է: Մինչդեռ հայրենիքը այն երկիրն է, որում կազմավորվել է տվյալ ազգը, կառուցվել է նրա պետականությունը, ստեղծվել և զարգացել է նրա մշակույթը։ Հայրենիքին մարդիկ նվիրվում են անմնացորդ: Խաթարվել է Հայաստան հայրենիքի բուն գաղափարը։ Շատերը սխալմամբ կարծում են, թե Արևմտյան Հայաստանը արևմտահայերի հայրենիքն է, իսկ Արևելյան Հայաստանը՝ արևելահայերինը։ Այսպիսի աղճատված մոտեցումների հետևանք է նաև «արցախցի-հայաստանցի» արհեստական բաժանումը: Արմեն Այվազյանը բացատրում է. «1991թ.-ին Արցախի Հանրապետության հռչակումը մարտավարական և դիվանագիտական քայլ էր ընդամենը` հետագայում Հայաստանի հետ վերամիավորման համար: Սակայն այդ մարտավարական հնարքն այսօր, 17 տարի անց, դարձել է հիմք, և հասարակ քաղաքացիներն ու նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն սկսել են Հայաստանն ու Արցախը դիտել որպես ռազմաքաղաքական առանձին միավորներ»:
2. Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ:
3. անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ՝ ստանձնում է հայրենիքի առջեւ քաղաքական պարտավորություններ:
4. արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր եւ իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները։
Այսօր ցավոք հայկական Սփյուռքը նահանջ է ապրում հայապահպանության առումով, մինչդեռ հայկական ինքնության պահպանման միակ ու վերջնական տարբերակը հայրենադարձությունն է: «Մեր նպատակը պետք է լինի հայկական պետականության ամրապնդումը և հայերի վերամիավորումն այդ պետականության ներքո՝ հայրենի հողի վրա»:
5. Հայոց լեզվի և մշակույթի կրողն է, կամ ձգտում է դառնալ այդպիսին, քանի որ անժխտելի փաստ է, որ լեզուն է հայկականության պահպանման գլխավոր միջոցը, և մեր ազգային համակարգն էլ հիմնված է լեզվի վրա:
6. Ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր զավակներին փոխանցելու միջոցով եւ նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով։

Այս չափանիշները գիտական մոտեցումների վրա են հիմնված և զերծ են հուզականությունից։ «Հայկական պետությունը դեռևս կայացման փուլում է։ Հայաստանի աշխարհաքաղաքական պայմաններն այնպիսին են, որ յուրաքանչյուր հայ մարդ պատասխանատվություն է կրում հայրենիքի ճակատագրի համար: Մեր օրերում հայն անդամ է մի թիմի, որի խաղը պայքարն է, ավելի ստույգ՝ գոյապայքարը։ Անհնար է միաժամանակ և՛ ազգ-թիմի լիարժեք անդամ լինելը, և՛ մեզ պարտադրված այդ խաղից դուրս գալն ու դիտորդի դեր ստանձնելը»,- ասում է քաղաքագետը: Ընդհանրացնելով ասվածը, Արմեն Այվազյանը եզրակացրեց. «մերօրյա պայմաններում հային էթնիկապես տարբերակող ամենաբնական ու գործառութային առումով ամենազորեղ հատկանիշը հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն ու ստանձնումն է՝ անձնական ուժերի ու հնարավորությունների ներածին չափով»։

Նաև բլոգում


ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

5 մայիսի 2008թ.
Սիրելի հայրենակիցներ,

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն ազդարարում է իր նոր՝ Արտմամուլի (արտասահմանյան մամուլի) տեսություն ծրագրի սկիզբը: Այսուհետ կենտրոնի կայքի նույնանուն բաժնում հայերեն թարգմանությամբ կարող եք կարդալ արտասահմանյան լրատվամիջոցներում Հայաստանին և հայությանը, ինչպես նաև տարածաշրջանին առնչվող կարևոր հրապարակումները: Բաժնում զետեղվելու են հատկապես Հայաստանի անվտանգության, արտաքին և ներքին քաղաքականության հիմնախնդիրներին, արցախյան հակամարտությանը, Հայոց ցեղասպանության միջազգային արծարծումներին և Սփյուռքին վերաբերող նյութերը:


Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում հայ հասարակության լայն շրջանակներին, ինչպես նաև որոշումներ կայացնողներին տեղեկանալու միջազգային մամուլի էջերում հրապարակվող վերլուծություններին, տեսակետներին և ընկալումներին:

Արտմամուլի տեսության մեջ կարդացեք`
- հոդվածների մատենագիտություն և ամփոփումներ,
- հոդվածների ամբողջական թարգմանություններ,
- խմբագրական վերլուծություն և մեկնաբանություններ:

Նույն բաժնում ընթերցողները կարող են նաև մեկնաբանել յուրաքանչյուր հոդվածում նշված փաստերն ու տեսակետները։

Հուսով ենք՝ մեր ծրագիրը առողջ ու կառուցողական բանավեճի հարթակ կդառնա և կնպաստի հայ քաղաքական մտքի զարգացմանը։

Սույն ծրագրի հզորացմանն ու ընդլայնմանը մեծապես կօգնի Ձեր աջակցությունը՝ լինի այն նյութական, բարոյական, թե մասնագիտական։ «Արարատ» կենտրոնը շնորհակալությամբ կընդունի և կհրապարակի արտասահմանյան մամուլից (ցանկացած լեզվից) կատարված թարգմանություններ` ելնելով նյութի բովանդակության արժեքից և թարգմանության որակից։

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
• Արտմամուլ բաժնում զետեղված նյութերը մասամբ կամ ամբողջությամբ վերահրատարակելիս «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին հղումը պարտադիր է:
• Զետեղված հոդվածներում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի դիրքորոշումներին:




Ս.թ. ապրիլի 25-ին տեղի ունեցավ <<Արարատ>> ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի դասախոսություն¬հանդիպումը շուրջ 50 ուսանողների հետ` <<Հայկական քաղաքական մտքի ռազմավարական բացերը>> թեմայով: Հանդիպումը նախաձեռնել էր <<Լույսի աշխարհ>> հասարակական կազմակերպությունը:



Դասախոսության հիմնական հարցադրումներն էին`

• Հայկական ռազմավարական մտքի արդի վիճակը,
• Տերմինների ռազմավարական նշանակությունը,
• Պատմությունը որպես ռազմավարական ռեսուրս և աշխարհաքաղաքականության անբաժանելի մաս,
• Արցախի և ազատագրված տարածքի ռազմավարական նշանակությունը Հայաստանի անվտանգության համար,
• Հայաստանի ներկա աշխարհաքաղաքական վիճակը: Արդի Հայաստանի տարածքը: Ի՞նչ է Հայրենիքը:

Դասախոսությունը շարունակվեց հարց ու պատասխանով: Հանդիպումը տևեց շուրջ 3 ժամ։ Հանդիպումը շարժեց ուսանողների հետաքրքրությունը. նրանք ցանկություն հայտնեցին ապագայում մասնակցել արծարծված խնդիրների վերաբերյալ նոր նմանատիպ քննարկումների։

30 ապրիլի 2008թ.
<<Արարատ>> ռազմավարագիտական կենտրոն
Նաև այստեղ




Մենք ուրախ ենք ձեզ ներկայացնելու «Արարատ» Կենտրոնի Բլոգը





«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն իր կայքում բացում է հատուկ բաժին` Ջավախք (տե´ս Վերլուծականում), որտեղ պարբերաբար զետեղվելու են վերլուծական ու փաստագրական նյութեր Ջավախքի ու ջավախահայության խնդիրների մասին։

Կարդացեք մամլո հաղորդագրությունն այստեղ:


all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org