ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ ԿՈՏՈՐԱԾ


Անդրկովկասյան երկրամասում ներկա սահմանային դրությունները հետևանքն են մեր ցուցադրած ապիկարության և անկարողության:

Ռուբեն Տեր-Մինասյան, Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական նախարար:

Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կթերթենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը:

Մոնթե Մելքոնյան, Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար:

Անցել է արդեն մոտ մեկ ամիս, ինչ ԱՄՆ Պետդեպարտամենտի բարի կամքի դրսևորման շնորհիվ մեր հանրությանը բախտ վիճակվեց լուսընթերցել մի փաստաթուղթ, որին անվանում են ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ: Մեր խորը համոզմամբ, այդ սկզբունքների կյանքի կոչման և իրագործման պարագայում նրանք, անկասկած, իրենց պատվավոր և արժանի տեղը կզբաղեցնեն Բեռլինյան դաշնագրի 61-րդ հոդվածի կետերի կողքին, որի 130- ամյա “հոբելյանն”, ի դեպ, հայ հասարակությունը, չգիտես ինչու, ընդունեց շատ զուսպ լռությամբ:

Փաստաթղթի գաղտնազերծումից հետո հայության մեջ սկիզբ առավ և դեռևս շարունակվում է հասարակական բանավեճը խնդրո առարկա հարցի, այն է՝ սեփական ճակատագրի վերաբերյալ:

Հասկանալի է, որ հստակ մշակված պետական ու ազգային դիրքորոշմների ու տեսակետների բացակայության այսօրվա պայմաններում չէր կարող հնչել հարցի լուծմանը վերաբերող միասնական ու որոշակիորեն ընդհանրացված ու հավաքական հանդիսացող հասարակական մի կարծիք: Ժողովրդական միասնական ճակատի ձևավորումն ու համապատասխան պահանջներով հանդես գալը, հավանաբար, լինելու է հաջորդ քայլը: Եթե, իհարկե, հասարակության որոշ խմբերի մոտ՝ թե ՀՀ-ում, թե Արցախում, նկատվող որոշակի ակտիվությունը չնվազի, կամ էլ չվիժեցվի պաշտոնական շրջանակների կողմից: Օրինակ, բարձր հովանավորությամբ համահայկական կոչվող հավաքներ կազմակերպելու միջոցով:

Այնպես որ, համաշխարհային հանրության համար այսօր, թերևս, կարևոր են համարվում և իրական արժեք ունեն հայ իրականության քաղաքական դաշտից հնչած արձագանքները: Այդ դաշտն այսօր, թերևս, կարելի է ներկայացնել՝ կազմված հետևյալ հատվածներից.
1. ՀՀ իշխանություններ,
2. ՀՀ քաղաքական ընդդիմություն՝ ի դեմս ՀԱԿ-ի,
3. ԼՂՀ իշխանություններ,
4. Վերը նշված երեքի մեջ պաշտոնապես չընդգրկված խմբեր, ավելի ճիշտ՝ գործիչներ:

Ինչպիսի՞ք էին այդ քառյակ բաղադրակազմի հնչեցրած արձագանքները, որոնք վաղը հիմք են ծառայելու մեր խնամակալների կողմից հերթական անգամ մեր հետագայի վերաբերյալ հեթական հայանպաստ որոշումները կայացնելու համար:

1. Հայրենի իշխանությունները, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ներկայացրին փաստաթուղթը որպես մեծագույն հաղթանակ և ազգի հավերժությունն ու բարօրությունն ապահովող մի նվաճում, իսկ այդ ամենը կասկածի տակ դնողներին՝ ազգի թշնամիներ, այլ իրենց ամբողջ կեցվածքով աներկբայորեն հուշեցին մեզ, որ պատրաստ են որպես այդպիսին ներկայացնել ու պարտադրել սեփական հանրությանը “վերևից իջեցված” ցանկացած փաստաթուղթ: Ասենք, նույնիսկ եթե վստահության մթնոլորտի ամրապնդման համար այնտեղ կետ ավելացվի, որ Հայաստանի մայրաքաղաքը հերթով և կիսովի ղեկավարելու են տեղում ընտրված Երևանի քաղաքապետը և Բաքվում՝ Երևանի ադրբեջանական համայնքի կողմից ընտրված Իրիվանի շըյահար-բաշին:

2. ՀԱԿ-ը քննադատեց այդ սկզբունքները: Բայց քննադատեց ընդամենն այնքանով, որքանով որ այդ ամենն առնչվում է այսօրվա իշխանություններին: Սեփական դիրքորոշումը հարցի լուծման վերաբերյալ այդպես էլ չհնչեցվեց: Ավելին, ՀԱԿ-ի բավական ազդեցիկ ներկայացող դեմքերից մեկը իր անվերապահ համերաշխությունն ու համաձայնությունը հայտնեց Սերժ Սարգսյանի հետ առ այն, որ, իրոք, “Աղդամը մեր հայրենքը չէ”: Իսկ Անին, ասենք, թուրքերի հայրենի՞քն է, պարոնայք: Այնպես որ, այս իրավիճակում ընդդիմության պահվածքն էլ միարժեքորեն հուշում է, որ այդ քաղաքական հատվածի համար այսօր, ինչպես և երեկ, հարցերի հարցը կար և մնում է իշխանափոխությունը: Իսկ ավելի ճշգրիտ՝ հենց իշխանություն վերցնելը: Եվ ներկա կառավարողների կողմից որևիցե խայտառակ թղթի ստորագրումը կդիտվի ոչ թե որպես ազգային ողբերգություն, այլ որպես իշխանության անցնելուն նպաստող և, միաժամանակ, պարտության դեպքում պատասխանատվությունից իրենց ազատող մի հանգամանք: Ի դեպ, այդ ամենը գրեթե չի էլ թաքցվում:

3. Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չափազանց “կոշտ” ձևով հայտարարեցին, որ չեն հանդուրժի և ոչ մի փաստաթղթի ստորագրում, որում հաշվի առնված չլինեն ԼՂՀ պետական դիրքորոշումը և նրա ժողովրդի շահերը: Բայց այդպես էլ, ցայսօր, դրանից այնկողմ ոչ մի խոսք չի ասվում: Գաղտնազերծվել են արդեն փաստաթղթի հիմնարար կետերը, սակայն ԼՂՀ իշխանությունները համառորեն չեն գաղտնազերծում, որ իմանանք էլի, թե որն է, վերջապես, Լեռնային Ղարաբաղի իրական դիրքորոշումը: Գուցե ավելի բեթարն է, քան ՀՀ իշխանություններինը: Ի դեպ, ԼՂՀ տարբեր հասարակական կառույցների կողմից հնչած արձագանքներում ամբաստանանք ու պահանջներ էին ներկայացվում ում ասես, բայց ոչ սեփական իշխանությանը:

Այսինքն ջրի երես է ելնում, բացահայտվում է ավելի քան տարօրինակ, բայց միաժամանակ ավելի քան ակնհայտ մի ճշմարտություն. նշված բոլոր երեք խմբերի համար էլ բանակցությունների ցանկացած՝ նույնիսկ ծայրահեղ ոչ հայանպաստ ելքն անգամ հավասարապես ձեռնտու է: ՀՀ և ԼՂՀ գործող իշխանությունները հույս ունեն այդ միջոցով ստանալ “դրսի” երաշխիքներն ու աջակցությունը, որ, պրծնելով այս գլխացավանքից, կշարունակեն կառավարել՝ արդեն ավելի հանգիստ ու եղածը վայելելով, իսկ ընդդիմությունն էլ հույսեր է փայփայում, որ իրենք էլ այդ նույն իրադարձությունների շնորհիվ ավելի հեշտ ու արագ կտիրանան իշխանությանը: Այն էլ՝ առանց ղարաբաղյան բեռը վզներից կախած:

Ինչ վերաբերում է չորրորդ խմբին, ապա այստեղ ավելի քան պերճախոս է մեր վերջին, թերևս ավելի ճիշտ կլինի ասել՝ այժմյան, անկախության ռահվիրա և մարգարե Պարույր Հայրիկյանի օրերս արած հայտարարությունը. “Բարեբախտաբար, մենք հիմա այն վիճակում ենք, որ նաև զիջելու ինչ-որ բան ունենք՝ ազատագրյալ տարածքները։ Վայ էն առևտրականին, որ տալու ոչինչ չունի, բայց ուզում է ստանալ”: Եթե հետևենք Հայրիկյանական կուռ տրամաբանությանը, ապա մենք մտահոգվելու որևիցե առիթ չունենք: Զի դա Ադրբեջանն է, որ իրավացիորեն, այսօր տալու ոչինչ չունի, բայց ուզում է ստանալ: Բայց մի բանում, համենայնդեպս, “Պարույր, տի նե պռավ”: Զիջելու բան մենք միշտ էլ ունեցել ենք՝ հեչ որ չլինի, մեր հայրենիքը կար ու կար: Եվ զիջել ենք նրա մեծագույն մասը: Այնպես որ, այսօրվա օրը և ոչ մի առանձնակի բարեբախտություն էլ իր մեջ չի պարունակում: Իրավիճակն ավելի քան քաջածանոթ է և սովորական. պարզապես՝ սեփական հայրենիքի վերջին բեկորների հերթական զիջում…

… Պատմությանը լավատեղյակ մարդիկ պնդում են, որ ժամանակին հայության բավականին լայն խավեր բավականին լրջմտորեն վերաբերվեցին Բեռլինյան փաստաթղթին՝ մերժելով, չընդունելով այն, զի բնազդով զգում էին նրա մեջ պարունակվող մահացու վտանգը: Սակայն այդօրվա ազգի առաջնորդ համարվող խավը, այն է՝ հայ քաղաքական էլիտան սկսեց համոզել ու քարոզել սեփական ժողովրդին, թե 61-րդ հոդվածը բարիք է, նվաճում, և նույնիսկ՝ ապագա անկախության հիմնաքար: Մի քաղաքական քարտուղար էլ նույնիսկ գրեց, “Թե ինչ շահեցինք Պերլինի դաշնագրեն”:

Շահեցինք մի քանի լոպազ ու իրականությունից հեռու, իսկ եթե իրականությանը համապատասխանող՝ ապա խիստ ողբերգական ֆիդայական երգեր և, փոքրիշատե զգալի տրամաչափի պետական գործիչների բացահայտ դեֆիցիտի պատճառով, վարսավիրանոցներում ու կոշկակարանոցներում Անդրանիկի նկարը փակցնելու իրավունք: Այս շահածի դիմաց վճարեցինք նրանով, որ 50 տարում կորցրինք հայության կեսից ավելին, իսկ Հայաստանն էլ՝ գրեթե ամբողջովին:

Այսօր էլ մեկ այլ քաղաքական քարտուղար մեզ ջանում է հրամցնել “թե մենք անշուշտ կշահենք Մատրիտէան սկսպունքներեն”: Մասնավորապես և գլխավորապես՝ կշահենք ու կստանանք անկախություն Ղարաբաղի համար:

Իմ հարազատներ, քույրեր իմ, եղբայրներ: Նեղություն կրեք, ընթերցեք մեկ անգամ ևս այդ չարաբաստիկ փաստաթղթի այդ մի քանի տողերը ևս մեկ անգամ և ինքներդ ձեզ պատասխանեք, թե նրա առաջին կետի, այն է՝ “Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը” իրագործումից հետո արդյո՞ք իմաստ կունենա խոսել մյուս կետերի մասին: Ի՞նչ անկախության մասին կարող է խոսք գնալ մի անկլավային թզաչափ հողակտորի առնչությամբ, որի ամեն մի բնակչի ճակատին նրան շրջապատած բանակի կողմից ուղղված կլինի մի քանի միավոր զինատեսակ: Եվ դրանից հետո՝ Օհ, բաղձալի անկախություն: Բայց քանի հոգու համար և քանի մետրի վրա: Իսկ ավարտական փուլի համար էլ, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի, կա իրավիճակն ամրագրող գրեթե պատրաստի մի փաստաթուղթ: Խնդրեմ, Ալեքպոլի պայմանագիր, կետ 3. “…Ինչպես որ թուրք, ռուս և բոլոր աշխարհի վիճակագրություններ և հաստատյալ ընկերային կացությունը ցույց կտան, թե Օսմանյան սահմաններին մեջ հայ մեծամասնություն ունեցող որևէ հողամաս չկա…”: Իրոք, տեսեք, որ խմբագրման կարիք նույնիսկ չկա: Բավական է փոխել Օսմանյան բառը Ադրբեջան բառով և, բարեբախտաբար, ազատագրված տարածքները զիջելու մեզ ընձեռնված առաքելությունը կարելի է համարել հաջողությամբ պսակված:

Ամենասկզբում պատահական չէ, որ մենք պատահական չակերտների մեջ չենք վերցրել ԱՄՆ Պետդեպարտամենտի բարի կամքի դրսևորման շնորհիվ բառերը: Այս փաստաթղթի գաղտնազերծումը իրոք որ բարի կամքի դրսևորում է մեր ազգի նկատմամբ:

Հայ ազգը նախ զգուշացվում է, որ կոմպրոմիսացավը դա այն միակ և պարտադիր մոտեցումը չէ, որով ցանկացած բանակցող կողմ պետք է հիվանդանա, ինչպես որ ցանկացած երեխա պարտադիր պետք է կարմրուկ հանի:

Եվ, որպեսզի այդ առումով մենք այլևս որևիցե պատրանքներ չունենանք, մեզ հստակ, այդ փաստաթղթի օրինակով ուսուցանում են, որ աշխարհում կան նաև ոչ փոխզիջումային՝ խիստ միակողմանի լուծումներ: Հօգուտ մի կողմի: Տվյալ դեպքում՝ Ադրբեջանի:

Եթե հաղթող կողմին թվում է, որ նույնիսկ ոչնչով չարդարացված անհավատալի զիջումների միջոցով նա կարող է գոհացնել պարտված կողմի ռևանշի
ախորժակը և չեզոքացնել պատերազմի վերսկսման վտանգը, ապա նա չարաչար սխալվում է:

Նման եղանակով պատերազմից խուսափելու դեպքում՝ որպես պատերազմին այլընտրանք նա ստանում է ոչ թե խաղաղություն, այլ կոտորած:

Սա է այս փաստաթղթի էությունն ու փիլիսոփայությունը:

Այնպես որ, ավարտված կարելի է համարել ինչպես “Պատերա՞զմ, թե խաղաղություն” ռիտորիկան, այնպես էլ տվյալ կոնֆլիկտի դեպքում բացարձակ անպտուղ և ոչ ադեկվատ “կոմպրոմիս-փոխզիջումային” քաղաքականություն խաղալը:

Ըստ այդ ամենի էլ, հայկական կողմի առաջ դրված խնդիրն էլ ավելի քան հստակ է. կամ փոխեք ձեր կողմից որդեգրած անպտուղ մոտեցումները, կամ ստիպված կլինեք ընտրություն կատարել պարտվելու երկու եղանակների միջև. պատերազմի՞, թե կոտորածի միջոցով:

ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ

Հ.Գ.1. Իրոք, կասկածից վեր է, որ ՀՀ այսօրվա իշխանությունները կհամաձայնվեն իրենց պարտադրած ու թելադրած ցանկացած պայմանի: Դա միանգամայն հասկանալի է. նրանք այլ կերպ չեն էլ կարող, քանզի առկա է լեգիտիմության ահռելի պրոբլեմը: Իսկ մենք ինչու՞ պետք է ընդունենք նրանց պարտադրանքը: Հո մենք էլ մեր հողի վրա ապրելու հարցում լեգիտիմության պրոբլեմներ չունենք:

Հ.Գ.2. Եթե հայրենի իշխանություններն իրոք համոզված են, որ Մադրիդյան սկզբունքները դա մեծ նվաճում է մեզ համար և միայն բարորություն է բերելու հայ ազգին, ապա մենք էլ պատրաստ ենք ընդունել այդ ամենը, միայն մեկ պայմանով. այդ սկզբունքների իրականացման գործընթացն սկսելուց օր առաջ մեր իշխանությունները իրենց ընտանիքներին տեղափոխում են Ղարաբաղ և թողնում այնտեղ ապրելու:
Copyright © 2008, 2009 «Արարատ» ՌԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հոդվածը մասամբ կամ ամբողջությամբ օգտագործելու դեպքում ակտիվ հղումն «ԱՐԱՐԱՏ» ՌԿ կայքին պարտադիր է: