Հասարակական գործընթացները հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների լույսի ներքո
Հայությունն այսօր գտնվում է պատմական կարևորագույն փուլում՝ ջրբաժանի առջև։ Ընտրություն է կատարվելու ոչ թե սահման բացել-չբացելու ուղղությամբ, ինչն ամենևին էլ մեզանից կախված չէ թեկուզ միայն այն պատճառով, որ սահման փակողն էլ են թուրքերը, բացողն էլ։ Ընտրությունն այլ տիրույթում է. Հայ ազգի ապագայում գոյատևելու և զարգանալու խնդիրն է, որն էլ պայմանավորված է հայ ինքնության հիմքերի՝ Հայրենիքի գաղափարի, մշակութային ինքնատիպության (կրոն, լեզու, ավանդույթներ, արժեհամակարգ, սիմվոլներ և այլն), պատմական անցյալի հանդեպ ունեցած արժևորված վերաբերմունքի, զարգացման ուրույն ճանապարհի գիտակցության և այլ գործոններով։
Ընթացող խմորումները և ծայրաստիճան լարված մթնոլորտում ընթացող քննարկումներն էլ ապացույցն են հենց այն համոզման, որ սա միայն սահման բացել-չբացելու խնդիր չէ, և ժողովուրդն էլ բնազդաբար հասկանում է այդ իրողությունը։
Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններով պայմանավորված խմորումներն ու ընդվզումները թե՛ ՀՀ-ում (ներառում ենք նաև ԼՂՀ-ն), թե՛ Սփյուռքում իրենց բնույթով ազգային կոնսոլիդացման գործընթացներ են։ Նման գործընթացները սկսվում են պատմական այնպիսի շրջադարձային փուլերում, երբ
ուժգնանում են մարտահրավերները և էլ ավելի ակներև է դառնում թշնամու կողմից տարվող քաղաքականությունը. մեր պարագայում թվում էր, թե մեկնարկել է հայ-թուրքական բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը միտված մի գործընթաց, մինչդեռ արդյունքները լինելու են ճիշտ հակառակը, քանի որ թշնամին անընդհատ բացահայտում է իր իրական ծրագրերը,
“ազգային ընտրանին” էլ ավելի է բացահայտում իր կտրվածությունն ազգային խնդիրներից, ինչը հնարավորություն է ստեղծում ազգի մնացյալ հատվածին ինքնակազմակերպվել և առաջ քաշել նոր առաջնորդներ,
մարտահրավերները վտանգում են ազգի ողնաշարը՝ ինքնության հիմքերը և այլ։
Թեպետ ներկայիս քաղաքական և դիվանագիտական հարթություններում զարգացումներն ունեն բազմաթիվ բացասական երանգներ, այնուամենայնիվ, փորձենք առանձնացնել բարոյահոգեբանական հարթության մեջ նկատվող դրական նշույլները, որոնք էլ կարող են երկարաժամկետ կտրվածքով հանգեցնել ազգային համախմբման հետևյալ բանաձևով` «հարված – շոկ – անորոշություն – դադար – սթափ հաշվարկ – ինքնակազմակերպում – ուժերի համախմբում – հակահարված»։
Այժմ առանձնացնենք հիմնական երեք դրական գործոնները, որոնք հետագա զարգացումների համար հնարավոր է` ապահովեն մեր ազգային շահերին համահունչ քաղաքական զարգացումների հանգուցալուծում։ Այսպես, շնորհիվ հայ-թուրքական արձանագրությունների`
Ազգային խնդիրներում երկարատև նիրհից հետո հայ հասարակությունը թևակոխել է ինքնամաքրման փուլ։ Տարածված է այն կարծիքը, որ Համայն Հայությունը պառակտված է երկու մասի՝ հայ-թուրքական արձանագրությունների կողմնակիցների և հակառակորդների։ Իրականում դա այդպես չէ։ Տեղի է ունեցել հետևյալը. Հայ հասարակությունից (և՛ Հայրենիքում, և՛ Սփյուռքում) անջատվել է մոլորյալների և ուրացողների հատվածը։
Ա. Մոլորյալներն անկեղծ հավատում են թուրքական դիվանագիտությանը՝ ընդ որում ոչ մի փաստարկ և հիմք չունենալով նման հավատ տածելու համար, փոխարենը հաճույքով ըմբոշխնելով Հայության դեմ ուղղված թուրքական կողմի հնչեցրած նորանոր սպառնալիքներն ու ցուցումները։ Այս հատվածի շրջանում ենթադրաբար մեծ հեղինակություն պիտի վայելի Հրանտ Դինքի կերպարին համահունչ հայի կերպարը՝ մոլորյալ մտավորական հայի, որպիսիք շատ էին նաև 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանում, մասնավորապես` պոլսահայ քաղաքաբնակների շրջանում։ Նման անհատների մոտ, որպես կանոն, թույլ է արտահայտված ինքնապաշտպանական բնազդը։ Վերջիններս ոչ թե չեն ցանկանում պաշտպանվել, այլ չեն կարող՝ հոգեբանական (երբեմն նաև ֆիզիկական) թուլության և տկարության հետևանքով։ Բայց, իհարկե, այդ մասին չեն բարձրաձայնում, իսկ սեփական վարքագիծը կոծկելու և արդարացնելու համար հնարում են տարբեր շարժառիթներ, ասենք այն, որ Ռ. Էրդողանի սպառնալիքներն ուղղված են ոչ թե Հայությանը, այլ ներքին լսարանի հակահայկական զգացմունքները բավարարելուն։ Ընդ որում, եթե իրենք երբեմն ուշադիր քննեն իրենց իսկ փաստարկները, ապա պարզ կտեսնեն, որ ներքին լսարանն այնքան ծարավ է և այնքան երկար տարիներ չի խմել հայերի արյունը, որ հենց այդ ծարավը հագեցնելու համար էլ էրդողաններն ու ալիևները նման ելույթներ են ունենում։
Բ. Մյուս մասը՝ ուրացողները, Հայության այն հատվածն է, որ մշտապես նավարկում է “համընթաց քամիների” ուղղությամբ։ Որպես մարդկային կատեգորիա, սրանք ավելի թույլ են, քան մոլորյալները, քանի որ միայն “համընթաց քամիների” ուղղությամբ նավարկելու դեպքում իրենք կարող են պահպանել իրենց գոյությունը։ Եթե մոլորյալները կարող են ոչ մի ուղղությամբ չնավարկել, բայց պահպանվել որպես կատեգորիա, ապա ուրացողների գոյության իմաստը հենց “համընթաց քամիների” ուղղությամբ նավարկելն է։
Այնուամենայնիվ, ունենալով այս շերտերը, ինչու՞ ենք կարծում, որ Հայությունը պառակտված չէ, այլ Հայությունից ինչ-որ հատվածներ ուղղակի անջատվել են։ Բանն այն է, որ միայն առաջին հայացքից է թվում, որ սրանք կազմում են հայության մյուս՝ առանձին ու ստվար զանգվածը։ Իսկ երբ փորձում ենք հասկանալ իրական թվաքանակը, ապա պարզ է դառնում, որ նրանց այսօր կարելի է թվարկել անուն առ անուն, և Հայությունն էլ բոլորին ճանաչում է հենց այդպես՝ անուն առ անուն։ Նրանք այնքան փոքրաթիվ են, որ վերջին մի քանի օրերի ընթացքում, այլևս փոխարինողներ չունենալու պատճառով, հավանաբար, ստիպված են գիշերելու հեռուստաընկերություններում, քանի որ հաջորդ օրն առավոտյան նորից պետք է խոսեն։
Ահա և այնժամ, երբ Հայությունն իրենից դուրս կմղի այս հատվածներին (նման երևույթներին մենք ականատես էինք 1988-ի շարժման ժամանակ), ներկայումս մեկնարկած և արդեն տեսանելի ինքնամաքրման փուլը կհասնի իր տրամաբանական ավարտին։
Մյուս դրական երևույթը, որ կարելի է առանձնացնել, այն է, որ, այնուամենայնիվ, երկարատև քարոզչական աշխատանքների արդյունքում չհաջողվեց հայ հասարակությանը դարձնել սպառողական (ստամոքսային) հասարակություն։ Պարզ դարձավ, որ ազգային արժանապատվությունն ու իդեալներն առավել են, քան տնտեսական կասկածելի օգուտները, որոնք իբր կունենայինք շրջափակման վերացումից հետո։ Փաստորեն, Հայությունը, թեև ստացել է երկարատև հարվածներ ժողովրդագրական, հոգեբանական, բարոյական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում, այսօր էլ դեռ ապրում է “Ոչ միայն հացիվ” սկզբունքով, ինչպես 1988-ին էր։
Եվ վերջապես, շնորհիվ, այս արձանագրությունների, է՛լ ավելի ակնհայտ ու պարզ դարձավ, որ Թուրքիան և թուրքերը չեն փոխվել, այլ լիովին հավատարիմ են անցյալի ավանդույթներին և քաղաքականությանը։ Դրա վառ վկայությունն են Ռ. Էրդողանի ելույթները, Ի. Ալիևի զանգեզուրյան մարմաջները՝ հնչեցրած Նախիջևանի գագաթաժողովում և այլն։
Մեզ մնում է միայն նշված դրական նշույլների ֆոնի վրա սթափ որոշումներ կայացնել, այլապես ստիպված կլինենք նոր սերիալ նկարահանել՝ «Թրքության հանդեպ Հայության անպատասխան սիրո մասին – 2» խորագրով, որն, ի դեպ, կցուցադրվի արդեն Թուրքիայի հայկական վիլայեթում հեռարձակվող միակ TRT –ARMENIA հեռուստաընկերության եթերով՝ ամեն օր, երեկոյան ժամը 21.00-ի “Էրմենի – խաբարլարի” ավարտից անմիջապես հետո։
Copyright © 2008, 2009 «Արարատ» ՌԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հոդվածը մասամբ կամ ամբողջությամբ օգտագործելու դեպքում ակտիվ հղումն «ԱՐԱՐԱՏ» ՌԿ կայքին պարտադիր է: