Տեղաշարժե՞ր Կոնգրեսում. Քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունման կողմնակիցների աճ են նկատում, ինչը կապում են հայ-թուրքական արձանագրությունների հետ
Այն փաստը, որը ԱՄՆ Կոնգրեսում ևս 7 կոնգրեսականներ են միացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծին, տարբեր կերպ է ընկալվել Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների կողմից, որոնք պառակտվել են Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում:
Ըստ անցյալ ուրբաթ Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ)` Վաշինգտոնում գործող հայկական ազդեցիկ լոբբիստական կառույցի հրապարակած տվյալների` «հենց օգոստոսին հայտարարվեց հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրությունների մասին, Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 օրինագծի կողմնակիցների թիվն ավելացավ ևս 7 կոնգրեսականներով. այսօր արդեն այդ կոնգրեսականները 134-ն են»:
Ամերիկայի հայկական համագումարը սփյուռքում գործող այն մի քանի կազմակերպություններից է, որը կողմ է արտահայտվել Հայաստանի ներկայիս իշխանությունների` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը, բացի այդ, ողջունել է արձանագրությունների ստոգրագրումը` այն համարելով դրական տեղաշարժ:
Մինչդեռ Հայաստանում և սփյուռքում այսօր էլ շարունակում են հնչել քննադատական գնահատականներ, ըստ որոնց` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը սառեցնելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ կոնգրեսականներն իրենց այդ քայլով իրականում դեմ են արտահայտվել արձանագրություններին:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանն ասում է, որ ԱՄՆ Կոնգրեսում այս գործընթացն արդեն երեք տասնամյակ է, ինչ շարունակվում է:
«Սակայն այստեղ կարևորը ոչ այնքան օրենսդիր մարմինն է, այլ գործադիրը: Հայկական լոբբին ակնհայտորեն թերանում է գործադիր իշխանությունների հետ իր աշխատանքներում: Նրանք պետք է աշխատանքներ իրականացնեն նաև իրավական դաշտում»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Այվազյանը:
Ինչպես հայտարարել է ԱՀՀ-ի Կոնգրեսի հետ կապերի պատասխանատու Բիանկա Դոդովը, համագումարը ողջունում է կոնգրեսականներ Բրայան Բիլբրեյի, Էլթըն Գելեգլիի, Դարել Իսայի, Սթիվ Իսրայելի, Ջոն Հոլի, Լորա Ռիչարդսոնի և Մայք Թոմփսոնի աջակցությունը:
«Մենք անհամբեր սպասում ենք մարդու իրավունքների ոլորտի այս կարևոր նախաձեռնության շուրջ Կոնգրեսի հետ համագործակցության շարունակմանը,- ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: - Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ԱՄՆ-ը չպետք է պատանդ դառնա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը»:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը 7 կոնգրեսականների միանալն օրինագծի աջակցությանը նմանեցնում է «կարապի երգի»:
«Միևնույնն է, արձանագրությունների վավերացումից հետո կկասեցվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»,- ասում է Թևանյանն «ԱրմենիաՆաուին»:
Իշխանական կոալիցիայից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը, դրական գնահատելով այդ նախաձեռնությունը, նշում է. «Սա ապացուցում է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը նաև խթան հանդիսացավ նման քայլի համար: Ու սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են»:
«Նյու Յորք Թայմզը», անդրադառնալով սփյուռքի հեղինակավոր կազմակերպություններից ԱՀՀ-ի աջակցությանը հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը, գրել է, որ այն սատարում է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման` նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացը: Թերթը, միևնույն ժամանակ, գրում է, որ վերոհիշյալ կառույցը շարունակում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը համարել իր հիմնական առաքելությունը:
Մինչդեռ ըստ թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Թուրքիայի բարեկամության խմբի համանախագահ, դեմոկրատ Ռոբերտ Վեքսլերը հայտարարել է, որ շուտով հրաժարվելու է իր մանդատից:
Թուրքական օրաթերթի փոխանցմամբ` այս կոնգրեսականի հրաժարականով ԱՄՆ Կոնգրեսում թուրքական լոբբին զգալիորեն կթուլանա: Վեքսլերը մշտապես եղել է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կասեցնողներից մեկը:
Copyright © 2008, 2009 «Արարատ» ՌԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հոդվածը մասամբ կամ ամբողջությամբ օգտագործելու դեպքում ակտիվ հղումն «ԱՐԱՐԱՏ» ՌԿ կայքին պարտադիր է: