Քաղաքականություն՝ առանց արժանապատվության
Իր արտաքին քաղաքականության մեջ Հայաստանում ավանդաբար գերակա են եղել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Վերջերս առաջնահերթությունների ցանկում առաջին հորիզոնականում Թուրքիայի հետ բարեկամության ձգտումն է: Թուրքիան, կարծես, չի շտապում օգտվել մեր ցանկությունից: Այս գործընթացին հետաքրքրությամբ հետեւում են նաեւ Վրաստանում: Հարեւան այս երկիրը բազմիցս ցույց է տվել, որ Հայաստանն իր բարեկամ երկրների առաջին եռյակում չէ: Դրա վկայությունն են թե՛ տարանցիկ ճանապարհներին ստեղծված բարդությունները, թե՛ մեր եկեղեցիների յուրացման, անգամ պղծման օրինակները, թե՛ վիրահայության իրավունքների ոտնահարման դեպքերը: Պատմական գիտությունների թեկնածու, «Պրոսպեկտուս» տարածաշրջանային եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Թամարա Վարդանյանը եւս Վրաստանի հետ Հայաստանի վարած քաղաքականությունը համարում է ոչ գրագետ:
- ԼՂՀ հակամարտության խնդրում Վրաստանը պարբերաբար հանդես է գալիս հօգուտ Ադրբեջանի (Վրաստանի նախագահ Սահակաշվիլին յուրաքանչյուր հարմար առիթով նշում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում): Ի պատասխան` Հայաստանը լռում է: Առհասարակ, որքանո՞վ է ադեկվատ Հայաստանի քաղաքականությունը Վրաստանի հանդեպ:
- ՀՀ արտաքին քաղաքականությունը, հատկապես Վրաստանի մասով, բավական թերի է: Հայկական կողմը կրավորական կեցվածք ունի, քանի որ կարեւորում է տարանցիկ ճանապարհների անվտանգության հարցը: Այս մարտավարությունը սխալ է. երբ ՀՀ-ն ամենաբարձր պաշտոնյաների եւ փորձագիտական մակարդակներով արտահայտվում է այն մասին, թե իր համար գերակա խնդիր է տարանցիկ ճանապարհների անվտանգության հարցը, միանգամից ընկնում է ծուղակի մեջ: Որպեսզի Հայաստան-Վրաստան հարաբերություններում հայկական կողմը հասնի իսկապես հորիզոնական եւ հավասար կապերի հաստատմանը, ՀՀ-ն առաջին հերթին պետք է վերանայի իր կողմից հռչակված գերակայություններն ու այսուհետ հայտարարի, որ Հայաստանի համար առաջնային է վիրահայության անվտանգության խնդիրը:
- Սակայն հենց վիրահայության խնդիրներին հղում անելով է մեր պետությունը բացատրում իր կրավորական կեցվածքը:
- Այո, բայց այս կրավորական կեցվածքը եւ սխալ մարտավարությունը ոչ միայն շահեկան չեն քաղաքական իմաստով, այլեւ ոտնահարում են մեր ազգային արժանապատվությունը։ Իսկ եթե հայկական կողմը շարունակաբար շեշտադրի եւ պնդի այն տեսակետը, որ մեզ համար առաջնային է Վրաստանում ապրող յուրաքանչյուր հայի անվտանգությունը, մատնացույց անելով Վրաստանում ազգային փոքրամասնությունների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ, ցույց տրվի, որ վիրահայության իրավունքները` որպես ազգային եւ կրոնական փոքրամասնություն, մշտապես ոտնահարվում են, այդ դեպքում վրացական կողմը ստիպված կլինի նահանջել եւ հաշվի նստել հայկական կողմի պահանջների հետ։ Փաստացի առկա են ազգային փոքրամասնությունների իրավունքների դաշտում պարտականություններ, որոնք վրացական կողմը չի կատարում, թեեւ շարունակաբար Վրաստանի ղեկավարությունը հանդես է գալիս եվրոպական արժեքներին իր հավատարմության մասին կեղծ հավաստիացումներով: Այս չլուծված խնդիրները Հայաստանը կարող է բարձրաձայնել, ընդ որում, ոչ միայն Վրաստանի ղեկավարության առջեւ, այլեւ ԵԽ ամբիոնից: Մենք քայլ առ քայլ պետք է վերանայենք մեր մարտավարությունը եւ ներկայացնենք նոր տեսլական Հայաստան-Վրաստան հարաբերությունների համար։ Վերջապես, մենք պետք է հասկանանք, որ եթե արտաքին քաղաքականության մեջ մենք ոտնահարում ենք մեր ազգային արժանապատվությունը, մենք երբեք եւ ոչ մի ճակատում հաջողություն չենք արձանագրի:
- Ջավախահայերի խնդիրները շարունակում են մնալ չլուծված` իրավական կարգավիճակ չունի մեր եկեղեցին, նոր սերունդը հայերենով կրթություն չի ստանում: Փաստորեն, վարվում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների ճնշման, հալածման եւ, ի վերջո, ուծացման քաղաքականությունը վրաց իշխանությունների կողմից` առանց մեր իշխանությունների դիմադրության: Այս տրամաբանությամբ, գուցե սխալվում եմ, վիրահայ համայնքը վաղ թե ուշ կձուլվի կամ կհեռանա իր պատմական հայրենիքից:
- Այն, որ Վրաստանը վարում է ուծացման քաղաքականություն, չպետք է մեզ զարմացնի: Վրաստանը բազմազգ պետություն է, եւ վրացական էլիտան քաջ գիտակցում է` որպեսզի պետությունը կայանա, այն պետք է նախ դարձնել հնարավորինս միաէթնիկ: Ի դեպ, մենք թեեւ չենք գիտակցում, բայց Հայաստանի միաէթնիկ կազմը կարեւոր ռազմավարական ռեսուրս է եւ անվտանգության երաշխիք:
- Էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններն, ըստ էության, յուրաքանչյուր երկրում ընկալվում են որպես դանդաղ գործողության ռումբ. կարող են օգտագործվել արտաքին ուժերի կողմից, պատճառ դառնալ ներքին անցանկալի խմորումների,,,
- Այդպես է, եւ վրացական էլիտան, հատկապես՝ ազգայնական շրջանակները, գտնում են, որ Վրաստանը պետք է ձգտի միաէթնիկության: Դա ինքնապաշտպանական հայտնի մեխանիզմ է եւ բնազդ:
- Մյուս կողմից` վրաց-ռուսական 5-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ինքնապաշտպանական բնազդը կարող է բերել տարածքների կորստի:
- Վրաստանը դեռեւս ակադեմիկոս Ա.Սախարովն անվանել էր «մինի-կայսրություն»: Բազմազգ երկրի ներքին քաղաքականության հիմնական ուղենիշերից է ոչ տիտղոսային ազգերի ուծացումը, հակառակ դեպքում ստիպված է լինում տարածքներ կորցնել: Պարզ է, որ ոչ մի երկիր չի ուզում տարածք կորցնել, չէ՞ որ տարածքը լուրջ ռազմավարական ռեսուրս է: Երբ ես անցած տարի նոյեմբերին Վրաստանի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի հրավերով մասնակցում էի միջազգային կոնֆերանսի, այնտեղ համալսարանական շրջանակներում շատերն էին այն կարծիքի, որ իրենք Աբխազիան երբեք չեն զիջի, ունենալով արդեն փաստացի կորուստ 5-օրյա պատերազմից հետո։ Նրանք վստահաբար նշում էին, որ անգամ կարող է համաձայնվեն Հրվ. Օսիայի կորստի հետ, բայց Աբխազիայի` երբեք եւ, որ առանց Աբխազիայի` Վրաստանը Վրաստան չէ: Եթե կարծում ենք` մի օր վրացական կողմը կգիտակցի, որ սխալ է էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման քաղաքականությունը, ասեմ, որ այդ օրը չի գալու: Վրաստանի հիմնական արտաքին ռեսուրսը նրա աշխարհագրական դիրքն է, տարանցիկ ճանապարհները, բայց ներքին ռեսուրսներից կարեւորագույնը` միաէթնիկ հանրույթը, որը հիմնված կլինի ընդհանուր ազգային ինքնության վրա, փաստացի այնտեղ գոյություն չունի գոնե այս պահին։ Սա լուրջ խնդիր է ցանկացած պետության համար։ Այսօր սվանների վերջնական ուծացման գործընթացն է, կարծես թե, ավարտվում, շարունակվում է մեգրելների ուծացումը վրացական էթնոսի մեջ եւ այլն։
- Վրաստանում լուրջ է նաեւ ադրբեջանցիների ուծացման խնդիրը: Եվ այս կոնտեքստում վրաց-ադրբեջանական հարաբերություններում էլ որոշ լարվածություն կա:
- Ճիշտ է, սակայն ադրբեջանցիների պարագան մի փոքր այլ է: Նախ` նրանց օժանդակում է Ադրբեջանը: Ադրբեջանը Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքներում փորձում է ծրագրերի միջոցով աշխատանքներ տանել համայնքի հետ։ Այդ ծրագրերի հիմնական նպատակն է՝ կասեցնել ադրբեջանցիների արտագաղթը Քվեմո-Քարթլիից: Հայկական կողմն այս հարցում շատ պասիվ է։ Մենք ոչինչ չենք ձեռնարկում, որպեսզի թիֆլիսահայությունը կամ ջավախահայությունը չարտագաղթի Վրաստանից:
- Կա՞ պաշտոնական վիճակագրություն թիֆլիսահայության, ջավախահայության արտագաղթի մասին: Որքան գիտեմ, արտագաղթ կա, ընդ որում` ոչ թե Հայաստան, այլ երրորդ երկրներ:
- Արտագաղթ իսկապես կա: Հիմնականում 90-ականների սկզբին սոցիալ-տնտեսական դժվարությունների եւ պատերազմի, նաեւ Զ.Գամսախուրդիայի վարած քաղաքականության հետեւանքով, բազմաթիվ հայեր արտագաղթեցին Վրաստանից: Երբ քննարկվում է այս հարցը, վրացիներն ասում են, որ այդ շրջանում Վրաստանից արտագաղթել են նաեւ վրացիները: Այո, դա այդպես է, սակայն հայերի դեպքում համայնքը տուժեց որակապես, այն գլխատվեց, քանի որ արտագաղթեց հիմնականում վերնախավը: Արդյունքում, այսօր վրացիների շրջանում տարածված է այն կարծիքը, որ Թիֆլիսի հայերը միայն վարսավիրներ են եւ տաքսու վարորդներ, ինչը վիրավորում է հայի ազգային արժանապատվությունը: Հիմնականում արտագաղթը դեպի երրորդ երկրներ է՝ Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ:
- Ստացվում է, որ վիրահայությունը թեեւ ամեն գնով փորձում է պահպանել լեզուն, կրոնը, ինքնությունը, սակայն հանդիպում են վրաց իշխանությունների լուրջ դիմադրությանը: Մյուս կողմից` Հայաստանի կողմից էլ ոչինչ չի արվում, ինչը վիրահայերին հուսահատեցնում է: Ձեր հոդվածներից մեկում նշել էիք, որ հայերն անգամ դավանափոխ են լինում:
- Ջավախահայերն ունեն հզոր զենք, որի շնորհիվ առայժմ պահպանվել են: Կրկնեմ` առայժմ: Ջավախահայերն ապրում են պատմական Հայրենիքի տարածքում: Իրենք սփյուռք չեն: Ջավախքում ապրելն, ի դեպ, շատ դժվար է: Վրացական էթնոսը չի կարող կլիմայական այդպիսի պայմաններում բնակվել: Այնպես որ, մինչեւ այսօր Ջավախքը չենք կորցրել հիմնականում այդ երկու գործոնների շնորհիվ:
- Պատմական հայրենիքի գաղափարը հաճելի գաղափար է, սակայն անվտանգ ապրելու երաշխիք չէ: Օրինակը Թուրքիան է:
- Մենք պետք է հասկանանք, որ աշխարհում կան երկրներ, որտեղ հայությունը չի կարող գոյատեւել: Նման երկրների շարքում են Թուրքիան եւ Ադրբեջանը: Ադրբեջանում ոչ մի հայ չմնաց, Թուրքիայում եւս, վաղ թե ուշ, հայերը կա՛մ կձուլվեն, կա՛մ կհեռանան։ Ցավոք, թիֆլիսահայ համայնքի ճակատագիրն էլ է այդպիսին դառնում: Կա՛մ պիտի ուծացվեն, կա՛մ արտագաղթեն:
- Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ` փրկելու վրացահայ համայնքին ձուլումից, եթե, իհարկե, արդեն ուշ չէ:
- Սխալներ շատ են եղել: Նշեմ վերջինը միայն: Հայ-թուրքական Արձանագրությունների համատեքստում մեր քաղաքական էլիտան մտածեց, որ թուրքերի հետ հարաբերությունները շուտով բարելավվելու են: ԶԼՄ-ներով, որպես կանոն, ելույթ էին ունենում այն, այսպես կոչված, փորձագետները, ովքեր փառաբանում էին գործընթացը, եւ միայն վերջերս նույն մարդիկ ասում են` «հնարավոր է, որ սխալվենք», կամ՝ «չի սխալվում նա, ով գործ չի անում»: Միամտաբար հավատում էին, որ թուրքերը սահմանը կբացեն, եւ վրացիներն այլեւս կարեւոր չեն: Լավ պատկերացնելով վրացացման ողջ զինանոցը, ես, այնուամենայնիվ, դեմ էի, որ մի ծայրահեղությունից ընկնենք մյուս ծայրահեղություն եւ տարածենք հակավրացականություն, այն էլ՝ բարձր մակարդակով՝ կազմակերպելով ուսանողական ցույցեր: Եթե մի հարեւանի հետ հարաբերություններդ դեռ չես նորմալացրել, ինչպե՞ս կարելի է բացահայտ թշնամանալ մյուսի հետ։ Գիտե՞ք, սա մանկամտություն է: Սա ոչ թե թույլ դիվանագիտություն է, այլ դիվանագիտության իսպառ բացակայություն: Վրացիներն արդեն սպասում են այս գործընթացի տապալմանը, որ հետո հիշեցնեն այս ամենը: Սա խիստ անհեռատես քաղաքականություն է. չի կարելի վրացիներին թուրքերի հետ հավասար նժարին դնել: Վրաստանը (գոնե մոտ ապագայում) Հայաստանը ոչնչացնելու ծրագիր չունի: Բայց մի՞թե պարզ չէ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակը դա է: Ինչպե՞ս կարելի էր խանդավառված նետվել թուրքերի գիրկն ու հետո մերժում ստանալ:
Copyright © 2008, 2009 «Արարատ» ՌԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հոդվածը մասամբ կամ ամբողջությամբ օգտագործելու դեպքում ակտիվ հղումն «ԱՐԱՐԱՏ» ՌԿ կայքին պարտադիր է: