«Առանցք» վերլուծական կենտրոնը «Ազատագրված Հայրենիք» խորագրի ներքո քննարկման էր հրավիրել գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս), քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին ու հուշարձանագետ Սամվել Կարապետյանին:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, քննարկելով դե ֆակտո անկախ պետական միավորումների ճանաչման հարցը, նկատեց, որ Կոսովոյի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի նախադեպերից հետո ներկայումս էականորեն փոխվել են միջազգային խաղի կանոնները։ Հետևաբար, ԼՂՀ-ի, Կիպրոսի ու Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորման և անկախության ճանաչման համար այսօր նույնպես բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել։ Ըստ բանախոսի՝ «ժամանակն է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը մեզ բացատրեն, թե ինչու Աբխազիայի ու Կոսովոյի դեպքում կարող է գործել ինքնորոշման իրավունքի սկզբունքը, իսկ Ղարաբաղի դեպքում` ոչ»: Առկա է այն անհանգստությունը, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ջերմացման պայմաններում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից փորձ կկատարվի այն օգտագործել ի նպաստ իրենց ազգային շահերի, այսինքն՝ կփորձեն Ռուսաստանի միջոցով Հայաստանին պարտադրել այնպիսի քայլեր, որոնք չեն բխում ՀՀ և ԼՂՀ շահերից: Ս.Գրիգորյանը, սակայն, այն համոզմանն է, որ մեր տարածաշրջանի անվտանգությունը չի կարող կառուցվել երկու սուբյեկտների` Ռուսաստան-Թուրքիա համագործակցության հիման վրա, քանի որ «կան նաև այլ սուբյեկտներ, որոնք նույնպես կարևոր դերակատարում ունեն մեր տարածաշրջանում, դրանք են՝ Իրանը, ԱՄՆ-ը և Եվրամիությունը»։
Խոսելով փոխզիջումների մասին՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց. «Ես փոխզիջում կհամարեմ այն, որ մենք չենք գրավի Բաքուն և Կիրովաբադը»:
«ԼՂՀ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի»՝ ևս մեկ անգամ իր ելույթում փաստեց գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը: «Պատերազմի միջոցով խնդիրը կարգավորելու համար ադրբեջանական բանակն առնվազն երեք անգամ պետք է գերազանցի հայկական զինված ուժերին, ինչը ոչ միայն գործնականում, այլև տեսականորեն անհնար է»,- նշեց գեներալ-լեյտենանտը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաճախ է աղմկում է, թե` կռվելու ենք, հաղթելու ենք, մինչդեռ ինքն էլ համոզված է, որ դրանք միմիայն խոսքեր են: Պատերազմին պատրաստ չէ ոչ միայն Ադրբեջանի բանակը, այլև հասարակությունը»:
Ինչ վերաբերում է փոխզիջումային քաղաքականությանը, գեներալի համոզմունքն այն է, որ հայկական կողմն արդեն իսկ զիջումներ կատարել է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ թողնելով Մարտակերտի շրջանի մի մասն ու Հյուսիսային Արցախը. «Մենք կորցրել ենք Շահումյանը, Արծվաշենը և այսօր զիջելու այլ տարածք չունենք»,- հստակեցրեց գեներալ-լեյտենանտը: Կոմանդոսը համոզված է, որ հայ-ադրբեջանական ներկայիս սահմանների ցանկացած փոփոխություն չափազանց վտանգավոր հետևանք կունենա:
«Հայրենիքի արժեքը հասկանալու համար հայ մարդը պետք է նախ ճանաչի իր հայրենիքը»,- սա հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բանաձևումն է, որտեղից և ծնվում է այն ճշմարիտ համոզմունքը, թե հայրենիքը սոսկ տարածք չէ, և ոչ ոք իրավունք չունի խոսել այն զիջելու կամ փոխանակելու մասին. «Հայ մարդը չի կարող իր Հայրենիքի մի մասն իբրև տարածք ընկալել ու աճուրդի հանել»:
Բանախոսը քաղաքական այրերին խորհուրդ է տալիս այս հարցերին մոտենալ տանտիրոջ իրավունքով ու արժանապատվությամբ: «Մեր թուլության պատճառով ժամանակին մեր տուն ներխուժեցին հարևան ցեղեր, որոնք այսօր հավակնում են մեր տան հատվածներին` մեր հողերին»: Ապա շարունակեց. «Այսօր խոսում են փոխզիջման մասին. Հյուսիսային Արցախը 1988-89թթ. զիջեցինք, կորցրինք մեր հազարամյա պատմություն ունեցող հայկական գյուղերը: Մեր հայրենիքից այնքան մասեր ունենք գերեվարված, որ եթե այսօր խոսում ենք փոխզիջումից, ուրեմն պիտի հասկանանք, որ ի վնաս հայկական կողմի` փոխզիջումը վաղուց կայացել է»։
Սամվել Կարապետյանը կարևորեց հայկական մշակութային արժեքների պահպանման խնդիրը։ Նա նշեց, որ հայկական մշակույթի կոթողներն անխնա ոչնչացվում են Ադրբեջանում՝ հիշատակելով Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստը. «տարբեր ազգերի արվեստագետներ, մշակութաբաններ, պատմաբաններ այցելում էին Ջուղայի գերեզմանոց՝ տեսնելու այդ հրաշքը, որն Ադրբեջանի իշխանությունների հրահանգով ու բանակի ուժի գործադրմամբ վերացվեց: Բայց չէ՞ որ դրանք ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային քաղաքակրթության գանձարանի մի մասն էին կազմում, հետևապես, պետք է արձանագրենք, որ աղքատացավ ոչ միայն հայության, այլև աշխարհի մշակույթը»- նշեց Ս.Կարապետյանը: «Մենք պետք է պարզ ասենք, որ այդ տարածքներում պահպանված մշակութային արժեքների երաշխավորը կարող է լինել միայն դրանք ստեղծող ազգը` հայը, ու աշխարհը պետք է հասկանա, որ եթե Քարվաճառի շրջանը Ադրբեջանին վերադարձվի, Դադիվանքը կարժանանա Ջուղայի գերեզմանոցի ճակատագրին»: