14 ապրիլի 2009թ. Երևան
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐՎԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ թեմայով անցկացված 200 հարցազրույցի արդյունքների մասին
2009 թ.-ի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացնում է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Արծարծվում է երեք թեմա՝ յուրաքանչյուրը կոնկրետ իրադարձության օրինակով. Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում, ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը:
Ինչու՞ ձեռնարկեցինք հարցազրույցների այս շարքը։Որովհետև մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ ՀՀ իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս այնպիսի կոպիտ, «թվաբանական» սխալներ, որոնք կարող են ունենալ կործանարար հետևանքներ ։ Ընդ որում, անմիջապես նկատեմ, որ արտաքին քաղաքականության այդ սխալ ուղեգծի ջատագով է նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը։ Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է հայկական պետականության համար բախտորոշ նշանակություն ունեցող հայ-թուրքական հակամարտության խնդիրներին, որոնց նկատմամբ Հայաստանի քաղաքական դաշտում ներկա ուժերը հիմնականում միանման դիրքորոշումներ ունեն։
Սխալների այդ շարքն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում հետևյալ կետերով.1) ՀՀ իշխանությունները դիտում են Թուրքիան ոչ այնպես, ինչպես այն կա՝ թշնամի պետություն, որի ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի ոչնչացումն է, այլ չհիմնավորված լավատեսությամբ՝ որպես նորմալ հարևան պետություն։ Վերջին շրջանում ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում ՀՀ նախագահը, վարչապետը և էներգետիկայի նախարարը իրենց հայտարարություններում Թուրքիայի և եվրոպական երկրների միջև հավասարության նշան են դրել։
2) Հայաստանի և հայ ժողովրդի դեմ բազմաթիվ թշնամական գործողությունների հեղինակ հանդիսացող Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները շարունակաբար գնահատվում են իբրև «խիզախ գործընկերներ», «նորմալ մարդիկ» (ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ նախագահը հենց այդպես՝ «նորմալ մարդ» գնահատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը հայության դեմ ռասիստական քաղաքականության ղեկավարն է, 2005 թ. Նախիջևանում հայկական հուշարձանները ոչնչացնելու հանցագործ հրամանի հեղինակը)։ Հայ քաղաքական վերնախավի այս վտանգավոր կտրվածությունը պատմական և ներկա իրականությունից տեղեկատվական դաշտում արմատավորվելուց հետո աստիճանաբար սկսում է ընդգրկել նաև ժողովրդային խավերը։ Հատկապես հեռուստաեթերում տիրում է հիշողության կորուստը՝ ամնեզիան, մոռացության է մատնված հայ-թուրքական հարաբերությունների ողջ պատմական փորձը, անտեսվում են ներկայումս Հայաստանի դեմ ձեռնարկվող թուրքական թշնամական գործողությունները։
3) ՀՀ նախագահն իր պաշտոնավարման առաջին ամյակի առթիվ ունեցած ելույթում խոստովանեց, որ մինչև այժմ չգիտի, թե Թուրքիան ինչպիսի իրական նպատակներ ունի Հայաստանի նկատմամբ, և որ «իհարկե, հնարավոր է», որ «ֆուտբոլային դիվանագիտության» հույսերն ու հաշվարկներն սխալ դուրս գան ։ Այս կապակցությամբ բազմաթիվ հարցեր են առաջանում.
a. նախ՝ եթե ՀՀ իշխանությունները դեռ չգիտեն Թուրքիայի իրական նպատակները, ինչու՞ չեն ուզում լսել հայ հասարակության գիտակ շերտի կարծիքը, որը շատ էլ լավ գիտի Թուրքիայի անցյալ և ներկա հակահայկական քաղաքականության էությունը։ Բարեբախտաբար, դեռևս կան այս հարցի մասնագետներ։ Ինչու՞ են անտեսվում, անպատասխան մնում այդ մասնագետների բարձրացրած տասնյակ հարցերն ու զգուշացումները։ Ինչու՞ չեն կազմակերպվում հրապարակային բանավեճեր Հայաստանի թուրքական դիվանագիտության վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեցող մասնագետների մասնակցությամբ: Թող համեմատեն թեկուզ վերջին 8 ամսվա ընթացքում հնչած պալատական «վերլուծաբանների» լավատեսական տեսակետներն այն գիտական մակարդակով կատարված նախազգուշացումների և վերլուծությունների հետ, որոնք անում էին ազգային շահն ու կենսափորձն աչքի առջև ունեցող մասնագետները։ Մենք բազմիցս ենք ահազանգել «ֆուտբոլային դիվանագիտության» մեռելածին ու վտանգավոր լինելու մասին, բայց անսացող չի եղել։ Մինչդեռ քանի-քանի «վերլուծաբան» ու քաղաքական գործիչ է՝ վերևներից իջեցված պատվերով, հայտարարել, թե իբր Թուրքիան Ղարաբաղյան հիմնախնդրում նահանջել է ու այլևս չի պաշտպանում Ադրբեջանի շահերը՝ իբր առավել կարևոր համարելով ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սառեցումը։ Ժամանակն է, որ հայ-թուրքական հակամարտության բախտորոշ հարցերում իշխանությունը սկսի վերջապես նկատի առնել գիտական միտքը։
b. Եթե ՀՀ իշխանությունը դեռ չգիտի, թե ի՞նչ նպատակներ ունի Թուրքիան, ինչու՞ էր ՀՀ նախագահն անցյալ աշնանը համաձայնվում Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումներում՝ անձամբ իր և իր արտգործնախարարի մասնակցությամբ, ինչու՞ էր հայտարարում, որ նրանք, ովքեր չեն հավատում Թուրքիայի՝ Ղարաբաղյան խնդրում աջակցելու կարողությանը «աննորմալ են»։ Իսկ այժմ Թուրքիայի ղեկավարները, օգտագործելով այդ հանդիպումներն աշխարհի աչքին թոզ փչելու ու նաև հայ հասարակությանը բթացնելու նպատակներով, մատ թափ տալով՝ հայտարարում են իրենց առաջնահերթ նպատակի մասին, որը ոչ ավելի, ոչ պակաս՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Հայաստանին Լեռնային Ղարաբաղի օկուպանտ ճանաչելն է և հայկական զորքերը Ղարաբաղից դուրս բերելը ։ Նրանք պարզ հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միմիայն Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուց հետո։ Գոնե այժմ մեր ղեկավարները պետք է ընդունեն իրենց սխալները և լրջորեն վերանայեն ՀՀ արտաքին քաղաքականությունը Թուրքիայի և Հայկական հարցի նկատմամբ։
c. Եթե ՀՀ իշխանությունը չգիտի, թե ինչ է ուզում Թուրքիան, ինչու՞ են հետևողականորեն Թուրքիայի մասին չհիմնավորված դրական պատկերացումներ ստեղծում հայ հասարակության մեջ, ինչու՞ են հայկական հեռուստաեթերում թուրքամետ անզուսպ արշավ կազմակերպել, ինչու՞ են թուրքական ընկերություններին առաջարկում դառնալու Հայկական նոր ատոմակայանի բաժնետեր. արդեն խորհրդարանում է գտնվում «Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրենքի նախագիծը, որով, ինչպես արդեն քանիցս շեշտում է ՀՀ կառավարությունը, թուրքերն իրավունք են ստանում գնելու նոր ատոմակայանի բաժնետոմսերը։ Դատելով այս օրինագիծը քննարկման դնելու պահից և ոճից, կարելի է եզրակացնել, որ այս առաջարկությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու թուրքական չբացահայտված նախապայմաններից մեկի բավարարումն է։ Ինչու՞ հասարակությունը տեղյակ չի պահվում հայ-թուրքական բանակցությունների բովանդակությանը և մենք ստիպված ենք այդ մասին տեղեկանալ արևմտյան և թուրքական մամուլից։ Ի՞նչ բովանդակություն ունի ՀՀ Հանրային և թուրքական պետական TRT հեռուստաընկերությունների ղեկավարների միջև 2008 թ. աշնանը կնքված պայմանագիրը։ Ինչու՞ այդ մասին հայ հասարակությանը տեղյակ չի պահվում։ Այս հարցերի շարքը կարելի է շարունակել, բայց վստահ ենք, որ այս ամենը չի բխում Հայաստանի շահերից։
Եվ այսպես, մենք ցանկացանք ստուգել, թե որքանով են մեր մտավախություններն ու մտահոգությունները համընկնում հասարակության հատկապես մտածող խավերի՝ գիտնականների, փորձագետների, մտավորականության և ուսանողների կարծիքների հետ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մեր հարցաշարին պատասխանել են 200-ից ավելի մարդ։ Թեև պատասխանները դեռ շարունակում են գալ, մեր նախնական հաշվարկները կատարել ենք 200 հարցազրույցի հիման վրա։ Այդ 200 հարցվողների թվում են՝ 45 գիտնական և փորձագետ, ներառյալ՝ 2 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1 ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 15 գիտությունների դոկտոր, 22 գիտությունների թեկնածու, որ կազմում է հարցվողների 22,5 տոկոսը։ Հարցվողների մոտ 52,3%-ը հումանիտար և տեխնիկական գծով մտավորականությունն է և հասարակական գործիչները (104 մարդ)։ 7,5%-ը (15 հոգի) - լրատվամիջոցների ներկայացուցիչներն են, 17.6%-ը (35)- ուսանողները։
Գիտնականներ և փորձագետներ – 45 հոգի, որից`
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս – 2,
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ – 1,
- գիտությունների դոկտոր – 15,
- գիտությունների թեկնածու – 22,
- փորձագետ – 5 հոգի։
Երկիրը
74.0%-ը (148)` Հայաստանից (ընդհանուր մասնակիցների 63.5%-ը (127)` Երևան, 10.5%-ը (21) `Հայաստանի մարզերից։
26%-ը (52)` Սփյուռքից, որից (հիմնականները)՝
9.0% (18) - ԱՄՆ
3.5% (7) - Մեծ Բրիտանիա
2.5% (5) - Ռուսաստան
2.0% (4) - Կանադա
1.5% (3) - Ֆրանսիա
Սեռը
64.5% (129) - տղամարդիկ
35.5% (71) – կանայք
Պատասխանել է ընդամենը մեկ քաղաքական գործիչ։
Այս կապակցությամբ նշեմ, որ խորհրդարանական բոլոր խմբակցություններին, բանավոր և գրավոր, խնդրել էինք պատասխանել մեր հարցաշարին։ Նույն խնդրանքով գրավոր դիմել էինք նաև արտգործնախարարություն, ինչպես նաև ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակ։ Նշված ատյաններից և ո՛չ մեկից և ո՛չ մի պատասխան չենք ստացել։ Քաղաքական դաշտի այս լռությունը մեզ բոլորովին չի զարմացնում, այլ գալիս է ևս մեկ անգամ հաստատելու այն փաստը, որ քաղաքական կուսակցությունները խուսափում են հստակ դիրքորոշումներ հայտնել ազգի և պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հայ-թուրքական հակամարտության մասին։ Այսինքն՝ վերջին հաշվով նրանք խուսափում են պաշտպանել հայ ժողովրդի շահերը, որոնց անվան տակ էլ իջել են ասպարեզ։ Կարճ ասած՝ քաղաքական դաշտն ու կուսակցությունները կայացած չեն։
Մեր հարցվողները հաճախ խորությամբ ու մանրամասն են պատասխանում քննարկվող թեմաներին։ Այսօր մենք կներկայացնենք հարցազրուցների վերլուծության նախնական արդյունքները, որոնք ինքնին արժեքավոր են և արժանի հրատապ քննարկման։ Իսկ ստացված հարուստ նյութի որակական խորը վերլուծությունը դեռ առջևում է։
Այսպիսով, ընտրել ենք երեք թեմա՝ յուրաքանչյուրը կոնկրետ օրինակի շարադրմամբ։ Այդ թեմաներն են՝Թեմա 1 Սկսած 2007 թ. դեկտեմբերից Թուրքիայի կրթության նախարարությունը երկրի դպրոցականների շրջանում ցուցադրում է տեսաֆիլմ, որում պատկերվում է, թե ինչպես են հայերն իբր կոտորել թուրք ժողովրդին: Տեսաֆիլմն արդեն դիտել է շուրջ 12 միլիոն թուրք աշակերտ, ներառյալ` տարրական դասարաններում: Դպրոցներին բաժանվել է տեսաֆիլմի 600 000 սկավառակ:
Հարցվողների 96.0%-ը խիստ բացասական գնահատական է տվել Թուրքիայի կառավարության այս քայլին` որակելով այն որպես՝
-- թշնամական, ռասիստական, հայատյաց,
-- ցեղասպանության քաղաքականության շարունակություն,
--ապագայում հայերի դեմ նոր ոճրագործությունների նախապատրաստում։
-- Ցեղասպանության շարունակական ժխտում
-- Թուրք հասարակությանը ցեղասպանի «կոմպլեքսից» ձերբազատելու փորձ
-- Թուրք սերունդների մեջ թշնամանքի ներարկում
-- Թուրքիայի ազգայնամոլ տարրերի գոհացում և այլն։
Թեմա 2 Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները խոսում են հայ-թուրքական հարաբերություններում դրական զարգացումների մասին: Միաժամանակ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը 2009 թ. փետրվարի 19-ին հայտարարել է, որ. ա) Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներն ու քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում են. բ) այդ քաղաքականությունը Թուրքիան և Ադրբեջանը մշակել և իրականացնում են համատեղ: Մյուս կողմից, Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ իր հիմնական նպատակն Արցախի բռնազավթումն է։
հարց 2.4. Արդյո՞ք այս հայտարարությունից հետո ՀՀ-ն պետք է շարունակի Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությունը:Պատասխանողների միայն 11.0%-ն է, առանց վերապահումների, կողմ արտահայտվել ՀՀ-ի` Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությանը: Մեծ մասը` 61.0%-ը, հստակ դեմ է արտահայտվել ՀՀ-ի` Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությանը: 6.5%-ը հարցին կոնկրետ պատասխան չի տվել, իսկ 1.5%-ը պատասխանել է` «չգիտեմ»: Հարցվածների 20.0%-ը կողմ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը, սակայն լուրջ վերապահումներով.
Թուրքիայի հետ կարելի է սկսել որոշակի հարաբերություններ՝
- սակայն ոչ ի հաշիվ ազգային շահերի և խնդիրների,
- դա պետք է լինի ոչ թե մերձեցում, այլ փոխադարձ շփումներ կամ հարաբերություններ,
- մերժելով Թուրքիայի նախապայմանները,
- եթե Թուրքիան ընդունի մեր նախապայմանները (օրինակ` ճանաչի Ցեղասպանությունը, Արցախի անկախությունը, չեզոք դիրք ընդունի Արցախյան խնդրում, Ցեղասպանության միջազգային ճանաչմանը միևնույն ժամանակ հետամուտ լինելով, և այլն)
- Կշռադատված, մեծ զգուշությամբ ու զգոնությամբ, առանց ավելորդ շտապողականության,
- Չմոռանալով, թե ում հետ գործ ունենք/փայտը ձեռքում պահելով/Շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր
- Այո, եթե ստիպված է, սակայն, «պէտք է մերժէ Թուրքիոյ մասնակցութիւնը Մինսքի խմբակին նկատի առնելով անոր ոչ-չեզոք դիրքորոշումը Ղարաբաղեան հիմնահարցին վերաբերեալ»)
Ճնշող մեծամասնությունը` 81.5%-ը բացասական գնահատականներ է տվել այս նախաձեռնությանը: Հարցմանը մասնակցածների միայն 5.0%-ն է դրական գնահատել վարչապետի այս հրավերը Թուրքիային, 3.5%-ն էլ չեզոք են եղել իրենց գնահատականներում: 2.5%-ը վերապահումներով է դրական գնահատել. հիմնականում պայմանով, որ Թուրքիայի ներգրավվածությունը չպետք է վնասի ազգային անվտանգությունը/չպետք է կատարվի ի շահ ազգային անվտանգության/, կամ` կախված մասնակցության չափից, ձևաչափից, պայմաններից: 5.0%-ը կոնկրետ/չափելի գնահատական չի տվել հարցին, իսկ 4%-ը նշել է, որ չգիտի պատասխանը:
Բերենք պատասխանողների բերած մի քանի բացատրություն-գնահատականներ.
- հայեցակարգի բացակայության և ցայտնոտային վիճակի հետևանք է
- վարչապետը հումորի ուժեղ զգացում ունի
- Либо непреднамеренная глупость, либо преднамеренное преступление. Но в любом случае предательство национальных интересов и национальной безопасности.
- Հույս ունեմ, որ դա ընդամենը դիվանագիտական ակցիա է և ոչ ավելին։
Հարցվածների 92.0%-ը դեմ է այս նախաձեռնությանը: Եվս 4%-ը կողմ է, սակայն վերը նշված վերապահումներով: Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1.5%-ը: 1.0%-ը պատասխանել է «չգիտեմ, իսկ 1.5%-ը կոնկրետ/հստակ/չափելի պատասխան չի տվել հարցին:
Ես պատասխանողների թվի մեջ չեմ, բայց ասեմ իմ կարծիքը ատոմակայանի կառուցմանը Թուրքիային ներգրավելու ՀՀ կառավարության համաձայնության մասին։ Իհարկե, համամիտ եմ պատասխաններում հնչեցված այն տեսակետներին, որ այդպիսի հեռանկարը Հայաստանի համար կարող է բերել թշնամուց տնտեսական ու հետևաբար քաղաքական կախվածության, ճնշումների և սպառնալիքների, արհեստականորեն առաջացված տեխնոգեն աղետի, ազգաբնակչության մեջ հոգեբանական անվտանգության նվազեցման ու այլ բացասական արդյունքների։ Սակայն, կարծում եմ, այս համաձայնությունը և այն ՀՀ կառավարության ներկայացուցիչների կողմից ատամներով պաշտպանելը հղի է առավել մեծ վտանգով՝ այդպիսի հայտարարությունները ոչնչացնում են հայ ժողովրդի իր իսկ անվտանգության և ինքնապաշտպանության մասին մտածելու բնազդային մեխանիզմները ու մտավոր տարրական կարողությունը։ Երբ չես կարողանում տեսնել ակնհայտ թշնամուն, նա քեզ հետ կարող է անել այն, ինչ ուզում է, տվյալ դեպքում՝ կարող է ոչնչացնել։ Ճիշտ այդպիսի հիվանդագին մտավոր մթնոլորտում է հնարավոր դարձել հայոց ցեղասպանությունը՝ երբ ակնհայտ թշնամու հետ տարիներով համագործակցում էին և ուզում էին հավատալ, որ նա բարեկամ է։
Հայաստանի և Սփյուռքի հասարակության պատկառելի մի հատված, այդ թվում՝ գիտական և մտավորական խավերի լայն շերտերը, խիստ դժգոհ են ՀՀ իշխանության՝ Թուրքիայի նկատմամբ վարած ներկա քաղաքականությունից։ Հասարակության այդ շերտերի բացասական վերաբերմունքն ունի հետևյալ դրսևորումները՝
1. նրանք չեն հասկանում ՀՀ արտաքին քաղաքականության տրամաբանությունը.
2. նրանք չեն վստահում Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ՀՀ քաղաքականության արդյունավետ լինելուն,
3. նրանք չեն ընդունում այդ քաղաքականության կրավորականությունը։
Առավել մտահոգիչ են ՀՀ իշխանությունների մի շարք վերջին գործողություններն ու հայտարարությունները՝
a. Թուրքիայի անցյալ և ներկա թշնամությունն ամբողջությամբ անտեսելը,
b. Հայաստանի դեմ ձեռնարկվող բազմաթիվ թշնամական քայլերն անպատասխան թողնելը,
c. ընթացող բանակցությունների բովանդակության մասին ժողովրդին չիրազեկելը,
d. թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի կառուցման գործընթացին մասնակից դարձնելը՝ նրանց բաժնետեր ընդունելու համաձայնությունը։
Այս իրավիճակը հայ հասարակության ավանդական-հայրենասիրական դիրքորոշումներ ունեցող շերտերի մեջ առաջացրել է անապահովության, անպաշտպանվածության սուր զգացում, ազգային արժանապատվությունն ու կենսական շահերը պետական մակարդակով ոտնահարելու դառը մտորումներ, իբրև արդյունք՝ ՀՀ կառավարության նկատմամբ խոր անվստահություն։
ՀՀ արտաքին քաղաքականության այս ընթացքը, միջազգային ասպարեզում գրանցվելիք անխուսափելի ձախողումներից բացի, ընդունակ է առաջ բերելու նաև հայ հասարակության նոր պառակտում արդեն ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրների, այլև արտաքին թշնամու նկատմամբ անհիմն՝ «բարեկամական» և համարժեք՝ թշնամական բևեռացված դիրքավորվածությունների շուրջ։ Այդպիսի պառակտումը կարող է ունենալ ողբերգական հետևանքներ։
Ի մի բերենք՝ հայ-թուրքական հակամարտության կարգավորումն այսօր քարոզվող արագ, «սպորտային» միջոցներով անհնար է։ Այդպիսի չկշռադատված փորձերի արդյունքում կարող է տուժել միայն Հայաստանը։ Իրատեսությունը պահանջում է Հայաստանի արտաքին քաղաքականության վերանայում՝ Թուրքիայի ակնհայտ թշնամության անտեսումից դեպի Հայաստանի շահերի վճռական պաշտպանություն։ Միայն ամուր և պաշտպանունակ Հայաստանի կայացումից հետո Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը կհաշտվեն հայկական պետականության գոյության իրավունքի հետ։ Գարեգին Նժդեհի խոսքերով ասած՝ «Մի օր հայությունը պիտի ների թրքության, բայց ոչ ծունկի եկած նրա առջև, պարտվելուց հետո, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց հետո»:
«Արարատ» կենտրոնը հուսով է, որ ներկայացված արդյունքներն ու եզրակացությունները մտորելու լուրջ տեղիք կտան ինչպես մեր հասարակության շրջանակներին, այնպես էլ ՀՀ իշխանություններին։ Այս կենսական հարցերի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ ուժերի հետ։
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղ. գիտ. դոկտոր «Արարատ» ռազմավարագիտակն կենտրոնի տնօրեն