ԵՎ ԴՈ՞Ւ, ՕԲԱՄԱ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր», ԱԶԳ, 30.04.2009
Նամակ նախկին երկրպագուից
Պրն նախագահ, ինչպե՞ս կարող էիք:
Ձեր թեկնածությունը թարմ օդի նոր շունչ էր: Դուք փոփոխության կողմնակից էիք: Հրաշալի խոստումներ տվեցիք եւ ամերիկահայերը լիովին վստահեցին Ձեզ:
Այժմ մենք խիստ հուսախաբված ենք, որովհետեւ Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Դուք Ձեր նախորդներից տարբեր չգործեցիք: Ապրիլքսանչորսյան Ձեր ելույթը շատ հեռու էր ցեղասպանությունը ճանաչելու Ձեր խոստումից:
Որպես սենատոր եւ նախագահական թեկնածու Դուք կասկած չէիք թողել այս հարցում Ձեր մտադրությունների վերաբերյալ: Դուք խոսում էիք դրա մասին հաստատակամորեն եւ կրքոտ: Բայց երբ ժամանակը եկավ հնչեցնելու Ձեր ելույթը ապրիլի 24-ին, «ցեղասպանություն» բառեզրը իր տեղը զիջեց «Մեծ եղեռն» բառակապակցությանը, որը հավանաբար Ձեր խելամիտ օգնականներից մեկի խելացի հնարքն էր:
Գուցե տեղին է Ձեզ հայտնել, որ «Մեծ եղեռնը» ցեղասպանություն չի նշանակում: Դա «մեծ աղետ» է նշանակում, եւ հայերն օգտագործել են այդ բառակապակցությունը, մինչեւ Ռաֆայել Լեմկիչը 1940-ականներին կհորիներ «ցեղասպանություն» բառը, որն առավել ճշգրիտ բնորոշում է կատարվածը, եթե երբեւէ հետագայում որոշեք օգտագործել այն:
Ձեր օգնականները ոչ միայն սխալ հայերեն բառ էին ընտրել, նրանք նաեւ համապատասխան անգլերեն թարգմանությունը չէին ներկայացրել, որպեսզի օտարները հասկանային դրա իմաստը: Ի՞նչ իմաստ ուներ, ուրեմն, օգտագործել այդ բառը հայերենով: Ի՞նչ է, ցեղասպանություն բառի համար քմայնացված տարբերակների կամ մեղմացուցիչ բառերի պակա՞ս կա անգլերենում:
Թույլ տվեք ասել, որ այս հնարքը ուրիշ առաջնորդներ էլ են օգտագործել Ձեզանից առաջ: Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը օգտագործեց «Մեծ եղեռն» բառակապակցությունը 2001-ին իր Հայաստան այցելության ժամանակ: Ձեր նախորդըՙ Ջորջ Բուշ կրտսերը դրա անգլերեն համարժեքը օգտագործեց 2005-ի ապրիլի 24-ի իր ելույթում:
Պրն նախագահ, անցյալ տարի, երբ Դուք քվեներ եւ ֆինանսական օժանդակություն էիք հայցում ամերիկահայերից, նրանց չխոստացաք ճանաչել «Մեծ եղեռնը», այլ հստակ նշեցիք, որ կճանաչեք «Հայոց ցեղասպանությունը»: Ավելին, Դուք չնշեցիք, որ այդ ճանաչումը պայմանավորված կլինի հայ-թուրքական բանակցություններով, սահմանի բացումով կամ որեւէ այլ պատճառաբանությամբ: Դուք խոստումը տվեցիք առանց «եթեների» եւ «բայցերի»:
Կան նաեւ լուրջ հակասություններ Ձեր նախընտրական եւ հետագայում նախագահական հայտարարություններում: 2009-ի ապրիլի 24-ին Դուք ասացիք. «Ես հետեւողականորեն արտահայտել եմ իմ անձնական տեսակետը այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվեց 1915-ին, եւ իմ տեսակետը չի փոխվել»:
Մինչդեռ 2008-ի հունվարի 19-ին, որպես թեկնածու, Դուք ասել էիք. «Հայոց ցեղասպանությունը անհիմն պնդում չէ, ոչ էլ անձնական գաղափար կամ տեսակետ»: Ավելին, 2009-ի ապրիլի 24-ին Դուք նշեցիք. «Իմ նպատակն է հասնել փաստերի ճշգրիտ ամբողջական եւ անկեղծ ճանաչման»: Մինչդեռ որպես թեկնածու Դուք ասել էիք, որ Հայոց ցեղասպանությունը «լայնորեն փաստարկված իրողություն է, պատմական ապացույցների հսկայական քանակով ամրագրված: Փաստերն անժխտելի են»:
Պրն նախագահ, Դուք երկու անգամ (Անկարայում եւ Վաշինգտոնում) մեկ ամսվա ընթացքում խուսափեցիք այդ բառն օգտագործելուց: Սա հին հնարք է, որն օգտագործել էր նաեւ ավագ Ջորջ Բուշը, որն իր նախընտրական բառերին անդրադարձ կատարելով խուսափել էր իրերն իրենց իսկական անունով կոչելուց:
Սիրելի պրն նախագահ, Ձեր աշխատակազմը կարիք չուներ նման հնարք հորինելու համար ժամանակ ծախսելու: Եթե չէիք ցանկանում ասել ցեղասպանություն բառը, ավելի լավ էր ոչինչ չասել: Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչված էր նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից, որը 1981-ի ապրիլի 22-ին նախագահական հրամանագիր էր ստորագրել այդ մասին:
Հայերը ոչինչ չեն շահում, եթե մեկ ուրիշ նախագահ էլ կրկնի նախկինում ասվածը: Ինչպես գիտեք, նախագահական հայտարարություններն ու կոնգրեսական որոշումները իրավական հետեւանքներ չեն կարող ունենալ: Ռեյգանի հրամանագիրն ու Ներկայացուցիչների պալատի 2 որոշումները (1975-ին եւ 1984-ին) Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ոչ մի շոշափելի արդյունք չեն տվել հայերին իրենց ֆիզիկական եւ նյութական կորուստների փոխարեն որեւէ փոխհատուցում ստանալու տեսակետից:
Բայց Ձեր խոստումը չկատարելով, Դուք պարզապես նսեմացրիք Ձեր վստահելիությունը: Ինտերնետային կայքում «օբահաշվիչը» արդեն իսկ «չկատարված խոստումների» շարքում է զետեղել Ձեր ապրիլքսանչորսյան ելույթը: Իսկ այս շաբաթվա ընթացքում, երբ լրանում է Ձեր պաշտոնավարության առաջին 100 օրերը, գլխավոր հեռուստակայաններ եւ զանգվածային այլ միջոցներ լայնորեն լուսաբանում են Հայոց ցեղասպանության առնչությամբ Ձեր խոստումը չկատարելու փաստը, հեղինակազրկելով Ձեզ ամբողջ ամերիկացիների աչքում:
Եվ վերջապես պրն նախագահ, պատշաճ չէր Ձեր կողմից շահագործել Հայաստանի հետ բանակցությունների իբր հաջող ընթացքի թուրքական վարկածը: Ձեր բարձր դիրքից պիտի իմանայիք, որ թուրքական կառավարության նպատակը միշտ էլ եղել է առաջացնել այն թյուր տպավորությունը, որ բանակցությունները Հայաստանի հետ շատ հարթ են ընթանում եւ շուտով սահմանը կբացվի: Թուրք ղեկավարներն այդ խաղը երկար ժամանակ են խաղում Հայաստանի հետ: Հարցն այն է, որ երբ նախագահ ընտրվեցիք, թուրքերը շատ լուրջ ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ձեր խոստումը, իսկ Ձեր անմիջական օգնականներն էլ բազմիցս հավաստիացրին, որ մինչեւ Անկարան ընկերական ժեստ չանի Հայաստանի նկատմամբ, Դուք կկատարեք ամերիկահայերին տված խոստումը անպայման:
Եթե թուրք պաշտոնյաները կարողացել էին ամբողջ աշխարհին, ներառյալ Հայաստանի անփորձ առաջնորդներին, խաբել իրենց դիվանագիտական նախաձեռնություններով, Դուք, համենայն դեպս, պիտի որ ավելի լավ իմանայիք իրերի դրությունը: Բայց Դուք միացաք նրանց քաջ գիտենալով, որ Ձեր սկզբունքային մոտեցումներին դեմ եք գնում: Ձեր նպատակն է ապահովել Թուրքիայի մասնակցությունը աֆղանական պատերազմում, եւ տեսնել, թե ինչպես են թուրքերը կատարում Իրաքի, Իրանի եւ Իսրայելի վերաբերյալ Ձեր հանձնարարությունները:
Դուք լավ եք իմանում նաեւ, որ Թուրքիան տեսանելի ապագայում Հայաստանի հետ իր սահմանը չի բացի, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հակամարտության խնդիրը ի նպաստ Ադրբեջանի: Օգտագործելով տարբեր միջոցներ, Ռուսաստանի իրազեկությամբ, որն իր տնտեսական եւ քաղաքական շահերն է հետապնդում Թուրքիայում եւ Ադրբեջանում, Ամերիկայի պաշտոնյաները ճնշում գործադրեցին Հայաստանի վրա համատեղ մի հայտարարություն ստորագրելու ապրիլի 24-ի նախօրեին: Այդ հայտարարությունը հարմար առիթ ծառայեց, որ Թուրքիային ընդառաջ գնալով խուսափեք Հայոց ցեղասպանություն բառեզրը օգտագործելուց:
Դրանով, պրն նախագահ, Ձեզ հաջողվեց ամբողջ հայկական սփյուռքն ու Հայաստանի ժողովրդին լարել կառավարության դեմ: Որպես այդ քայլի անմիջական հետեւանք, ՀՅԴ կուսակցությունը, որը Հայաստանում ամենաազդեցիկներից մեկն է, դուրս եկավ կառավարող կոալիցիայից, չուզենալով մնալ մի կառավարության կազմում, որի բանակցությունները Թուրքիայի հետ կարող են վտանգել Հայաստանի ազգային շահերն ու պատմական իրավունքները:
Առաջիկա օրերին երբ Դուք, պրն նախագահ, Վաշինգտոն կհրավիրեք Հայաստանի ղեկավարներին, որպեսզի նրանցից ավելի շատ զիջումներ կորզեք, իմացեք, որ ճնշումների հետեւանքով նրանք կարող են կորցնել իրենց հեղինակությունը, ինչպես տեղի ունեցավ Հայաստանի առաջին նախագահի պարագայում: Ղարաբաղի եւ Ցեղասպանության հարցերում «կարմիր գիծն» անցնելը կարող է լուրջ վտանգի ենթարկել իշխանության ղեկին մնալու կոալիցիայի մնացած խմբերի ջանքերը, ինչքան էլ խոստումներ շռայլվեն Վաշինգտոնից:
Copyright © 2008, 2009 «Արարատ» ՌԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հոդվածը մասամբ կամ ամբողջությամբ օգտագործելու դեպքում ակտիվ հղումն «ԱՐԱՐԱՏ» ՌԿ կայքին պարտադիր է: