ԳՈԴՈՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍԿրկին պատմության քառուղիներով ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ, Քաղաքական գիտությունների դոկտոր
Aravot.am, 30.05.2009
Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար...
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Ինչպես եւ սպասվում էր, ապրիլի 24-ը դարձավ շրջադարձային կետ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մեջ՝ որպես տրամաբանական հանգրվան նախընթաց ութամսյա իրադարձությունների: Այդ օրը, իսկ ավելի ճշգրիտ՝ նախորդ օրը, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ ի չիք դարձավ հայ-թուրքական եւ հայ-ամերիկյան հարաբերություններում հայանպաստ սրբագրումներ անելու այն բարեպատեհ հնարավորությունը, որը հայաստանյան իշխանություններն ակամա ստացել էին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից հետո՝ որպես հետեւանք հայ ընտրողներին թեկնածու Օբամայի տված խոստման: Հայտարարությունը դարձավ այդ գործընթացի միջանկյալ եզրագիծ, որից հետո գործընթացի եւ դրա առաջին փուլի արդյունքների ամփոփումն անհրաժեշտություն է:
Խնդիրը
1993թ., նպատակ ունենալով օգտագործել Հայաստանում առկա չափազանց բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Ղարաբաղյան պատերազմում իրավիճակի կտրուկ փոփոխությանը՝ պատերազմական գործողությունների տեղափոխմանը ԼՂՀ հարակից շրջաններ, Թուրքիան արձագանքեց՝ միանալով ադրբեջանական շրջափակմանը, Հայաստանի հետ սահմանը հայտարարեց փակ եւ հետագայում բազմիցս կրկնեց, որ այն կարող է բացվել, եթե Հայաստանը.
- հրաժարվի Ցեղասպանության ճանաչման գործընթացից,
- ազդի Սփյուռքի վրա՝ դադարեցնելու համար Հայ դատի լոբբինգային գործունեությունը,
- ճանաչի Թուրքիայի սահմանները,
- զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանին հանձնվեն ԼՂՀ հարակից տարածքները:
Անցած մեկ եւ կես տասնամյակում պաշտոնական Հայաստանն անգամ փորձ չարեց պարզելու, թե ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ավելի ուշ՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիրը իրավունք ունի՞ նման պահանջներ ներկայացնելով՝ իր սահմանները փակ պահել հարեւան, այդ կազմակերպությունների անդամ երկրի առաջ: Մինչդեռ նման խնդիրների արդյունավետ լուծումն անհնարին է առանց դրանց համակողմանի ուսումնասիրման, փորձագետների կողմից համապարփակ դիրքորոշման եւ գործողությունների ծրագրի մշակման ու դրա իրագործմանն ուղղված ակտիվ քաղաքականության իրականացման: Դրա բացակայության պայմաններում ընտրվեց չարիքի փոքրագույնը. Թուրքիայի ագրեսիվ քայլին Հայաստանը հակադրեց թեեւ անխոցելի, բայց պասիվ դիրքորոշում՝ «Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների», որը տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պահպանվեց մեկ եւ կես տասնամյակ: Այդ ընթացքում գաղտնի հանդիպումների մի քանի փորձ արվեց «հարաբերությունները կարգավորելու» նպատակով, սակայն դրանք երբեք բանակցությունների չհանգեցրին:
Իհարկե, յուրաքանչյուր երկիր եւ այդ երկրի յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի ցանկանում է հարեւան երկրների հետ ունենալ բնականոն եւ փոխշահավետ հարաբերություններ: Սակայն, միաժամանակ, յուրաքանչյուր գրագետ մարդ հասկանում է, որ դրա անհրաժեշտ պայման է հարեւանների կողմից հայտնի «խաղի կանոնների» հարգումը, որոնք պետությունների համար սահմանված են միջազգային իրավունքի շրջանակներում՝ համաձայնագրերի, միջազգային կազմակերպությունների կանոնադրությունների եւ այլ փաստաթղթերի տեսքով: Այդ կանոնները խախտողների հետ բանակցություններ չեն վարվում, այնպես, ինչպես բանակցություններ չեն վարվում պատանդներ վերցրած ահաբեկիչների հետ՝ նրանց ցանկությունները կատարելու նպատակով: Նրանցից պահանջվում է նախ կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները՝ չեղյալ համարել շրջափակումը, ապա միայն դրանից հետո՝ քննարկել հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Նոր իրավիճակ եւ նոր գործընթաց
2008թ. ամռան սկզբին նախագահ Ս. Սարգսյանը որոշեց փոխել մարտավարությունը՝ անցնելով նախաձեռնողական գործունեության՝ Թուրքիայի նախագահին հրավիրելով Երեւան: Դրան հաջորդած մի քանի իրադարձություններ՝ Հարավային Կովկասում միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ձեւավորում, Միացյալ Նահանգներում նոր նախագահի ընտրություն եւ այլն, խթան դարձան հայ-թուրքական հարաբերությունների ակտիվ գործընթացի ձեւավորման համար: Դեռեւս անցած աշնանը ակնհայտ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են մեկ քայլանի կոմբինացիա. բացակայում են նախապատրաստական աշխատանքն ու այն ապահովող մասնագիտական միջավայրը, հետեւաբար եւ հայեցակարգը, Հայաստանը գործընթացը սկսել է առանց սրբագրելու «առանց նախապայմանների կարգավորման» սկզբունքը՝ որպես դրա մեկնարկային անհրաժեշտ քայլ ձեւակերպելով Հայաստանի շրջափակման վերացումը:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ «թուրքական կողմի համար գործընթացը եղել եւ մնում է նպատակ, այլ ոչ թե միջոց», ինչպես նշվում է վերջին վերլուծություններից մեկում: Մինչդեռ միջանկյալ արդյունքները վկայում են, որ ճիշտ հակառակն է՝ ութ ամսվա տեւողություն ունեցող այս գործընթացը Թուրքիայի համար արդյունավետ միջոց է եղել իր հետեւյալ նպատակներին հասնելու համար.
1. ցեղասպանության ճանաչման գործընթացի սառեցում,
2. Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի առաջին ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» բառի օտագործման արգելափակում,
3. Հայաստանի իշխանությունների ու Սփյուռքի միջեւ աննախադեպ լարվածություն Ցեղասպանության հարցում,
4. ՄԱԿ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամություն,
5. աննախադեպ կարեւոր դերակատարություն տարածաշրջանում,
6. Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ հարաբերությունների էական բարելավում:
Ընդ որում, այս ամենին Թուրքիան հասել է առանց որեւէ քայլ ընկրկելու՝ սոսկ հերթապահ հայտարարություններ անելով հարաբերությունների նորմալացման մասին եւ դրանք զուգակցելով բարձրաստիճան պաշտոնյաների փոխլրացնող դիրքորոշումներով՝ հարաբերությունների կարգավորման նախապայմանների վերաբերյալ: Ինչ վերաբերում է այդ գործընթացի դեմ ադրբեջանական կամ թուրքական «ընդվզումներին», ապա Թուրքիան բազմիցս է ապացուցել, որ քաղաքական ներկայացումներ կազմակերպելու անուրանալի հմտություններ ունի:
Միակ բանը, որը որպես ձեռքբերում մատնանշում են Հայաստանի իշխանությունները, միջազգային լրահոսի ծավալն է՝ որպես արձագանք Գյուլի այցին եւ եռակողմ հայտարարությանը: Հետեւաբար առաջին միջանկյալ փուլի արդյունքներով հենց Հայաստանի իշխանությունների համար է գործընթացը եղել նպատակ, այլ ոչ թե միջոց: Դա են վկայում թե «պինգ-պոնգյան դիվանագիտության», թե դը Գոլի եւ Ադենաուերի հետ պարզունակ, մակերեսային համեմատությունները, թե հայ-թուրքական գործընթացում հայկական կողմի համար դրական գործնական արդյունքների բացարձակ բացակայությունը: Խնդիրը միայն այն չէ, որ բացարձակապես այլ որակի են քննարկվող խնդիրները, կողմերի նպատակները, մտածելակերպն ու գործելակերպը: Առանցքային տարբերությունն այն է, որ այդ «դեպքերի» պարագայում բարձրաստիճան հանդիպումները մանրակրկիտ նախապատրաստվել են, դրանց նախորդել են վերջնական արդյունքն ապահոված խորհրդապահական աշխատանքային քննարկումներ փորձագետների մակարդակով եւ մինչ համաձայնությունների հրապարակումը՝ որեւէ կողմ չի փորձել մյուսի հաշվին խնդիրներ լուծել:
Հարկ է անդրադառնալ գործընթացի եւս երկու արդյունքի: Արտգործնախարարների համատեղ հայտարարությունը ստորագրելով՝ Հայաստանի իշխանությունները Օբամային հնարավորություն ընձեռեցին չկատարելու իր հայ ընտրողներին տված խոստումը: Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սա աննախադեպ երեւույթ է եւ պատահական չէր սփյուռքահայության խոր հիասթափության եւ դժգոհության ալիքը:
Այդ հայտարարությունը բացահայտեց եւս մեկ աննախադեպ երեւույթ. առաջին անգամ Հայաստանի Հանրապետության միջպետական հարաբերություններում հայտարարվում է ավարտուն փաստաթղթի գոյության մասին, որի բովանդակությունը չի հրապարակվում: Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին է:
«Ճանապարհային քարտեզը»
Ըստ արտգործնախարարների ապրիլի 23-ի համատեղ հայտարարության, Հայաստանը եւ Թուրքիան «համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է «ճանապարհային քարտեզ»: Ակնհայտ է, որ խոսքը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ամբողջական եւ ավարտուն փաստաթղթի մասին է, որը սահմանում է այդ հարաբերությունների կարգավորման նպատակով երկու կողմերի գործողությունների ծրագիր: Եթե ընթացիկ քննարկումների եւ բանակցությունների խորհրդապահական բնույթը միանգամայն հասկանալի եւ ընդունելի է, ապա ավարտուն փաստաթղթերի չհրապարակումը ոչ միայն անընդունելի է, այլեւ հակասում է նման խնդիրներին առնչվող արարողակարգերին ու ավանդույթներին: Բացատրությունները, թե շուտով այն հասանելի կլինի հանրությանը, դրա հիման վրա մշակվող համաձայնագիրը ստորագրումից հետո անպայման կներկայացվի Ազգային ժողովին եւ այլն, պարզապես խուսանավելու անհաջող փորձեր են: Ավելի անհաջող են արտգործնախարարի բացատրությունները, թե «քարտեզը» ոչ մի դրույթ կամ սկզբունք չի պարունակում, այլ՝ միայն ժամկետներ եւ քայլեր: Որեւէ մեկը լիազորություն չունի միջպետական փաստաթղթի կառուցվածքի հիման վրա որոշելու՝ ինչը պետք է հրապարակել, ինչը՝ ոչ: Ավելին, երբ հասարակությունում, Ազգային ժողովում փորձագետների կողմից հնչում են փաստաթուղթը հրապարակելու ապարդյուն պահանջներ, արտաքին գործերի նախարարի համառությունը դառնում է խիստ կասկածելի:
«Ճանապարհային քարտեզը» չհրապարակելը կարող է ունենալ երկու պատճառ.
- այն պարունակում է գործողությունների այնպիսի ցանկ, որը դժգոհության մեծ ալիք կարող է առաջացնել,
- կամ այն պարզապես գոյություն չունի՝ չի հաջողվել որեւէ համաձայնեցված փաստաթուղթ ձեւավորել միչեւ ապրիլի 23–ի առավոտյան, եւ թուրք-ամերիկյան հարաբերություններում բարդություններ չառաջացնելու, նախագահ Օբամայի դեմքը փրկելու նպատակով հայտարարություն է արվել այն հույսով, որ հետագայում նման ինչ-որ բան հնարավոր կլինի կազմել:
Այս վարկածներից որեւէ մեկը չի կարող պատվաբեր լինել Հայաստանի իշխանությունների համար, սակայն դա հիմք չէ «քարտեզը» հասարակությունից թաքցնելու համար: Ավելին, այդ հանգամանքը հմտորեն օգտագործում է թուրքական կողմը, որը թուրք բարձրաստիճան պաշտոնյաների փոխլրացնող հայտարարություններին ավելացնելով «քարտեզի» վերաբերյալ տեղեկատվական «արտահոսքերը» (թուրքական «Սաբահ» թերթ եւ այլն), ոչ միայն ձեւավորում է իր համար բարենպաստ կարծիք, այլեւ էլ ավելի է խորացնում Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահությունը թե երկրի ներսում, թե Սփյուռքում: Մինչդեռ Հայաստանի իշխանությունների զինանոցը խիստ աղքատիկ է. «քարտեզը» թաքցնում են ու սոսկ «երդվում», որ դրանում նախապայմաններ չկան:
Նախապայմանների մասին
Հայաստանի իշխանությունների պնդումները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների բացակայության վերաբերյալ, վերջին շրջանում ստացել են հետաքրքիր ձեւակերպումներ: Մասնավորապես, ըստ արտգործնախարար Նալբանդյանի, «երբ որ ասում ենք առանց նախապայմանների են կարգավորվում հարաբերությունները, մենք նկատի ունենք՝ որեւէ նախապայման չկա Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված եւ որեւէ նախապայման չկա Ցեղասպանության ճանաչման հետ» (Հայաստանի Հանրապետություն, 28 ապրիլի, 2009 թ.): Դիվանագետի խոսքում որեւէ երանգ կամ շեշտադրում չի կարող պատահականություն լինել: Հետեւաբար հարց է առաջանում. եթե նախապայմանների բացակայությունը կապվում է երկու կոնկրետ խնդիրների հետ, ապա միգուցե կա որեւէ ա՞յլ նախապայման եւ «քարտեզը» հենց այդ պատճառով չի գաղտնազերծվում:
Կա եւս մեկ հանգամանք՝ նախապայմաններին առնչվող: Այն բանից հետո, երբ մեկնարկել է գործընթացը, Թուրքիայի երկու նախապայման այս կամ այն չափով իրականություն է դարձել. Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ոչ միայն սառեցվել են Հայաստանի Հանրապետության ջանքերը, այլեւ օտարերկրյա պետական ատյանների աձագանքները: Միաժամանակ, ապրիլքսաներեքյան հայտարարության հետեւանքով ամերիկահայության ջանքերի խափանումը կարող է նախադեպ դառնալ հետագա զարգացումներում: Հետեւաբար, Թուրքիայի շահերից բխում է ոչ թե նման խնդիրների ներառումը «քարտեզում», այլ գործընթացի ձգձգումը հնարավորինս երկար, վստահ լինելով, որ այդ ընթացքում իր երկու նախապայմաններն ինքնաբերաբար կկատարվեն:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին առնչվող նախապայմանին, ապա դրա ձեւակերպումը որպես Թուրքիայի վարչապետի բազմիցս կրկնված հայտարարություն, թե փաստաթղթային դրույթ, սոսկ նախընտրության եւ նպատակահարմարության հարց է: Թուրքիայի թիվ մեկ քաղաքական պաշտոնը զբաղեցնող վարչապետ Էրդողանը բազմիցս հայտարարել է Թուրքիայում, Ադրբեջանում եւ արտասահմանում (վերջինը՝ Լեհաստանում, մայիսի երկրորդ կեսին), որ «սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը եւ Ադրբեջանին չեն վերադարձվել գրավյալ տարածքները»: Ավելին, մայիսի վերջին, Բաքու կատարած առաջին այցի ժամանակ, նշանակումից մեկ ամիս էլ չանցած նույնը կրկնեց Թուրքիայի նոր արտգործնախարարը՝ Դավուդօղլուն: Մի՞թե դրանից հետո էլ հնարավոր է չտեսնել, որ Թուրքիան, գործընթացի առաջին փուլում ապահովելով լուրջ ձեռքբերումներ, երկրորդ փուլում ռեւերանսներ անելու կարիք չի զգում եւ վերադառնում է ի շրջանս յուր:
Հայ-թուրքական հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը
Թուրքիան երբեք չի թաքցրել իր հետաքրքրությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ միշտ էլ հիանալի հասկացել է, որ այն բախտորոշ նշանակություն ունի թե Հայաստանի ապագայի, թե տարածաշրջանում ուժերի հարաբերակցության տեսակետից: Դեռեւս անցած դարասկզբին, երբ թուրքական պետության գոյությունն իսկ խիստ կասկածելի էր, այդ երկիրը ոչ միայն հսկայական ջանքեր գործադրեց «Ադրբեջան» պետության ձեւավորման համար, այլեւ ռազմական ուժեր ուղարկեց Լեռնային Ղարաբաղ: 90-ականների սկզբին էլ Թուրքիան ոչ միայն Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիա սանձազերծած Ադրբեջանին աջակցում էր զինամթերքով եւ Բաքու ռազմական հրահանգիչներ ուղարկելով, այլեւ պատրաստ էր ներխուժելու նորանկախ Հայաստանի Հանրապետություն՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հաշվեհարդարն ապահովելու նպատակով, եթե Ռուսաստանի միջամտելու սպառնալիքը չլիներ:
Հետագայում էլ, թե մինչ հայ-թուրքական շփումների ակտիվացումը, թե դրանից հետո Անկարան երբեք չի թաքցրել իր հետաքրքրությունը հակամարտության կարգավորման նկատմամբ եւ այս կամ այն ձեւով միշտ փորձել է ազդել իրադարձությունների ընթացքի վրա: Դրան նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը կարգավորման գործընթացում պատշաճ ուշադրությամբ չի վերաբերվել թուրքական գործոնին: Լեռնային Ղարաբաղի ենթակայությունն Ադրբեջանին բացառվում է ոչ միայն այն պատճառով, որ անթերի են ԼՂՀ անկախության հռչակման իրավական եւ գործնական հիմքերը, այլեւ հաշվի առնելով թե Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանության, թե Նախիջեւանի հայության լիակատար ոչնչացման ու դուրս մղման (Ցեղասպանության մեկ այլ դրսեւորման) փաստերը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ պաշտոնական Անկարայի հետաքրքրությունը վերջին շրջանում թեեւ առավել ընդգծված արտահայտվել է վարչապետ Էրդողանի հայտարարություններում, սակայն դա այս կամ այն ձեւով դրսեւորվել է նաեւ Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի հայտարարություններում: Ընդ որում՝ անգամ ապրիլքսաներեքյան հայտարարությունից հետո. «Մեր առաջադրանքը սոսկ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացումը չէ: Ձգտում ենք նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների լիակատար նորմալացման» (Ա. Բաբաջան, 29.04.2009), «Այն դիվանագիտությունը, որ ծավալում ենք, եւ Թուրքիայի օգտին է, եւ Ադրբեջանի» (Ա. Գյուլ, 29.04.2009): Ցավոք, Հայաստանի իշխանությունների արձագանքները, իսկ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը, երկու կաթիլ ջրի նման հիշեցնում է արձագանքներն ադրբեջանական հայտարարություններին: Ճիշտ է, Անկարան ավելի նուրբ է գործում. ոչ թե որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ են խոսում հայտարարությունների ներքին օգտագործման բնույթի մասին, այլ թուրքական թերթերն են «արտահոսք» կազմակերպում վարչապետ Էրդողանի վրա բարձրագույն սպայական կազմի «ճնշումների» մասին: Եվ դա բնական է, Անկարան քաղաքական ներկայացումներ կազմակերպելու ավելի մեծ փորձ ունի:
Կեղծ գաղափարների անգերազանցելի աճպարարը
Թուրքիան բազմիցս ապացուցել է, որ հիանալի է օգտագործում կեղծ գաղափարներն իր նպատակներին հասնելու համար: Անցած դարասկզբին, շատ լավ հասկանալով կոմունիստական գաղափարախոսության սնանկությունը, հենց այն օգտագործելով Թուրքիան կարողացավ ոչ միայն դուրս գալ հոգեվարք ապրող Օսմանյան կայսրության փլատակների տակից, այլեւ նրա ամենակենսունակ հատվածի վրա ձեւավորել լուրջ ներուժ ունեցող պետություն: Անցած օգոստոսին ռուս-վրացական պատերազմը նոր էր սկսվել, երբ Անկարան հրապարակ նետեց անվտանգության եւ համագործակցության պլատֆորմի կեղծ եւ հիմնազուրկ գաղափարը, որն ինն ամիս հաջողությամբ շահարկում է առանց փաստաթղթային ձեւակերպման: Գրեթե միաժամանակ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հիմքում ունենալով վերացական հայտարարություններ «սահմանը բացելու» մասին: Ընդ որում, թուրքական կողմն առանց որեւէ գործնական քայլի առաջին միջանկյալ եզրագծին հասավ վերոհիշյալ էական արդյունքներով՝ սոսկ ապավինելով տարածաշրջանային բեմադրիչի ու աճպարարի իր ավանդական հմտություններին: Այս ներկայացումներում զանգվածային տեսարաններն ապահովում էին Ադրբեջանն ու թուրքական «հասարակությունը», իսկ գլխավոր գործող անձինք երեքն էին՝ Թուրքիայի արտգործնախարարը, նախագահն ու վարչապետը՝ ճշգրիտ դերաբաշխումով: Նրանցից առաջինի՝ Ալի Բաբաջանի հեռացումը բեմահարթակից (պաշտոնափոխությունը) եւս մեկ խորհրդանիշ է, որ գործընթացի, իսկ ավելի ճիշտ՝ ներկայացման առաջին մասն ավարտվեց ապրիլի 24–ով:
Առաջին արարում Հայաստանի իշխանությունների համար նախատեսված էր երկրորդ պլանի դերակատարություն՝ հատկապես արարողակարգային ձեռքսեղմումների ու ժպիտների փոխանակման տեսարաններում:
Ի՞նչ է տալու «սահմանի բացումը»
Հիմնական փաստարկը, որն այսօր բերվում է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը արդարացնելու համար, հայ-թուրքական «սահմանի բացման» շահավետությունն է: Այս մոտեցումը հարկ է դիտարկել երեք տեսանկյունից՝ իրավական, տնտեսական եւ բարոյական: Իրավական խնդիրը վերաբերում է «սահմանի բացում» արտահայտությանը, որը կոպտորեն աղավաղում է իրողությունը: Թուրքիան շրջափակել է Հայաստանը եւ այդ երեւույթի նենգափոխումն ինքնին դատապարտելի քայլ է, ինչպես անընդունելի է «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն «ոճիր», «նախճիր», «զանգվածային սպանություններ» եւ այլ արտահայտությունների օգտագործումը, քանզի «շրջափակումը» միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ հանցագործություն է:
Որպես «սահմանի բացման» սպասվող արդյունք հիմնականում նշվում է, որ
- Հայաստանը կստանա այլընտրանքային, ավելի վստահելի եւ արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության ուղի,
- 700-800 միլիոն դոլարով կաճի Հայաստանի առեւտրաշրջանառությունը (հիմնականում՝ արտահանումը):
Հատկանշական է, որ նման «կանխատեսումներ» արվում են առանց փաստարկված վերլուծությունների ու հաշվարկների: Մինչ այժմ չի ուսումնասիրվել Թուրքիայի օրենսդրությունը հայաստանյան բեռնափոխադրումների տեսակետից: Արտաքին առեւտրաշրջանառության եւ հատկապես արտահանման աճի վերաբերյալ ներկայացվող թվերը եւս չունեն որեւէ հիմնավորում. Հայաստանում ո՞ր ապրանքների արտադրությունն է դառնալու նման աճի հիմքը, ո՞ր շուկաներում են այդ ապրանքներն իրացվելու եւ ինչի՞ շնորհիվ, եւ այլն:
Ինչ վերաբերում է հաղորդակցության ավելի վստահելի եւ արդյունավետ ուղու հեռանկարներին, ապա նման «կանխատեսումներ» անողների համար տեղեկությունների միակ աղբյուրը հավանաբար որոշ միջազգային կազմակերպությունների պարզամիտ պաշտոնյաներն են: Արդյունավետության եւ վստահելիության գլխավոր երաշխիքը կանխատեսելիությունն է, ընդունված կանոնների հարգումը: Թուրքիան ոչ միայն Հայաստանի տասնհինգամյա շրջափակման մասնակից է, այլեւ բազմիցս է ապացուցել, որ երբեք չի վարանում միջազգային իրավունքի նորմերը խախտել, եթե տեսնում է դույզն- ինչ օգուտ: Եթե անգամ մի օր Թուրքիան վերացնի շրջափակումը, ապա մի՞թե կարող է լինել որեւէ ողջամիտ մարդ, որը կասկածի, որ առաջին իսկ պատեհ առիթով այդ ճնշումը կամ դրա սպառնալիքը կիրառելու է Հայաստանի դեմ:
Կա նաեւ կարծիք, որ թուրքական սահմանը պետք է ամեն գնով «բացել», քանի որ միայն դա կարող է ապահովել Հայաստանի տնտեսության զարգացումը, չէ որ «մենք էլ ենք ուզում լավ ապրել» եւ դրա համար «պետք է Սփյուռքին բացատրենք, որ մենք չենք կարող մշտապես երկընտրանքի առաջ լինել. մեր երեխաների ապագա՞ն, թե՞ Սփյուռքի հարցադրումները»: Դժվար է հիշել որեւէ ժամանակահատված, երբ Հայաստանում գտնվել են մարդիկ, ովքեր ոչ միայն իրենց թույլ են տվել հրապարակավ Ցեղասպանության խնդիրը համարել «Սփյուռքի հարցադրում», այլեւ Հայաստանի զարգացման դժվարությունները բացատրել «Սփյուռքի հարցադրումներին» տուրք տալով: Միգուցե նրանք, ովքեր մտահոգ են Հայաստանի զարգացման խնդիրներով, Թուրքիային ուղղված իրենց հայացքը շրջեին Հայաստան եւ տեսնեին տնտեսությունը խեղդող կոռուպցիան, հովանավորչությունը, օրենքի անսանձ ոտնահարումը, քաղաքական ու հասարակական կյանքի աննախադեպ քրեականացումը: Իսկ միգուցե մտածում են, որ Թուրքիան «կբացի» սահմանն ու կգա լուծելու նաեւ այդ խնդիրները:
Եզրակացություն
1. Ապրիլի 23-ին արտգործնախարարների համատեղ հայտարարությունով ավարտվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջին փուլը, որը սկսվել էր գրեթե մեկ տարի առաջ Հայաստանի արտաքին քաղաքականության այս բաղադրիչի կտրուկ ակտիվացումով՝ Թուրքիայի նախագահին ուղղված հրավերով:
2. Այդ փուլում
- Թուրքիան կարողացել է իրագործել իր մի շարք նպատակները՝ առանց որեւէ զիջման կամ կորստի,
- Հայաստանի ակտիվ քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների առաջին փուլում լիովին ձախողվել է՝ նման բարդ գործընթացին անհարիր պարզունակ մոտեցումների, փորձագիտական նախապատրաստական աշխատանքի ու հայեցակարգի բացակայության պատճառով:
3. Ապրիլի 24-ից հետո սկսված նոր փուլում Թուրքիայի հիմնական նպատակն է գործընթացի ձգձգումը, ինչի արդյունքում սառեցված է մնալու Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
4. Հայաստանի իշխանությունները արտգործնախարարների համատեղ հայտարարությունից հետո չհրապարակելով «ճանապարհային քարտեզը՝» կոպտորեն խախտում են միջպետական փաստաթղթերի համար հաստատված արարողակարգերն ու ավանդույթները:
5. Հայաստանի իշխանությունները «կարգավորման» գործընթացի երկրորդ փուլը եւս սկսել են լուրջ բացթողումով, հայտարարելով, որ «սահմանի բացման» վերջնաժամկետ են հայտարարում հոկտեմբերը:
6. Իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի գործընթացը՝ թուրքական կողմից պահանջելով պաշտոնական հրապարակային հերքում վարչապետ Էրդողանի բազմաթիվ հայտարարությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ Հայաստանի հետ սահմանը Թուրքիան կբացի միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո: Հարաբերությունների կարգավորման բանակցությունները կարող են իրական ընթացք ստանալ միայն Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնող հայտարարությունից հետո: