Այս Բանակցութիւնները Ոտնահարում Են Մեր Երկրի ԻրաւունքներըՍեղմելուց առաջ դուք ստուգեցէք
նրանց ձեռքերը:
Դուք ստուգեցէք նրանց ձեռքերը
եւ … հիմա նոյնիսկ,
կէս հարիւրամեակ անցնելուց յետոյ
նրանց խնամուած եղունգների տակ
դարձեալ կը տեսնէք… լերդացած արիւն…
ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ
Քառասունչորս տարի առաջ գրուած մեծ բանաստեղծի այս տողերը, այսօր իբրեւ ահազանգ պիտի հնչեցնենք մեր երկրի տարածքով մէկ, մեր կառավարութեան խորհրդակցական սրահներում, գաղտնի բանակցութիւնների բոլոր վայրերում, սպորտային համալիրներում ու հրապարակներում եւ բոլոր նրանց ականջներում, ովքեր մեր իշխանութեան Թուրքիոյ հետ այսօրուայ վարած բանակցութիւնների կողմնակիցն ու ջատագովներն են:
Մեր կառավարութիւնը կրկին մեզ կանգնեցրել է այնպիսի մի փակուղու առջեւ, որից դուրս գալու համար պէտք է ոչ թէ լռենք, ինչպէս հիմա վարւում ենք, այլ ազգովին ոտքի ելնենք մեր այսօրը եւ յատկապէս՝ մեր վաղը պաշտպանելու:
Ամիսներ շարունակուող Հայ-թուրքական բանակցութիւնները բոլորիս է յայտնի եւ կարիք չունենք ժամանակ վատնելու, հայերիս համար այդ ամօթալի գործընթացը կրկին այստեղ մէջբերելու:
Ամենաամօթալին այդ բանակցութիւնները իր իսկ ժողովրդից, մեր իշխանութեան որդեգրած թաքցնելու ու ստելու քաղաքականութիւնն է, որ մեզ ծանր կացութեան է մատնել:
Մինչ մեր իշխանութիւնները լռում ու ստում են մեզ, թուրքական լրատուութիւնը հարիւրաւոր անգամներ բացայայտօրէն իր ժողովրդին եւ նաեւ մեզ, ներկայացնում է բանակցութիւնների հիմնական նախապայմաններն ու մեր կառավարութեան համաձայնութիւնը այդ նախապայմաններին: Պարզւում է մեր հակառակորդները աւելի անկեղծ են իրենց ժողովրդի հետ, էլ չեմ ասում թէ նրանք ինչպէս են ատամներով պաշտպանում իրենց երկրի իրաւունքները, գումարած տիրանալիքը: Իսկ մե՞նք. . . Ահա թէ ինչ ենք անում մենք՝
Մեր երկրի նախագահը՝ Ս. Սարգսեանը, բացի իր համեստափայլ ժպիտից, ուրիշ ոչ մի համոզիչ բացատրութիւն է տալիս իր վարած քաղաքականութեան մասին: Այդ ժպիտի տակ եւ իր ձեռք սեղմումներում մենք միայն տեսնում ենք մեր երկրի եւ մեր ժողովրդի իրաւունքների կորուստը:
Արտաքին գործոց նախարարը՝ Է. Նալբանդեանը, խուսափողական, միայն իրեն հասկանալի «լուսաբանումներ» է տալիս մեր երկրի արտաքին քաղաքականութեան եւ յատկապէս հայ-թուրքական զիջողական բանակցութիււնների, այդ բանակցութիւններին առնչուող հարցերի շուրջ, կատարուած գործարքների մասին իր անվերջանալի հերքումները լսում:
Մեր մամուլի էջերը աւելի շատ լեցուած են թուրք բարձրաստիճան անձանց նկարներով, հաւանաբար նրանց կերպարանքին մեզ հաշտեցնելու քարոզչութեան ազդեցութեան տակ, չէ՞ որ շուտով «բարեկամներ» ենք լինելու: Կամ էլ որեւէ թուրքի մեր Ցեղասպանութեան մասին դրական արտայայտութեան շեփորահարումներով:
ՀՅԴ դուրս է գալիս կառավարութեան խմբակցութիւնից, կոալիցիայից, աւելի ազատ գործելադաշտ ստեղծելով մեր ոչ ժողովրդամէտ կառավարութեան համար:
Իսկ ի՞նչ է անում մեր ժողովուրդը: Երկրի ներսում անհամբերութեամբ սպասում է այդ «աւետեաց» սահմանի բացմանը, իսկ երկրից դուրս՝ սփիւռքը ինչպէս միշտ, զրկուած իր ձայնը տեղ հասցնելու իրաւունքից, լուռ սպասում է, յոյսը դրած օտար դիւանագէտների «արդարամտութեանը»:
Այս ամէնի մէջ որտե՞ղ է մեր մտաւորականութիւնը… լռութիւն է. . . խորին խորհրդաւոր. . .
Միայն այն փաստը, որ մեր կառավարութիւնը համաձայնեց, կամ յարմարեցրեց Ապրիլ 24ի նախօրեակին, Ապրիլ 22ին, բանակցութիւնների նստել Եղեռնի պատասխանատուների հետ, արդէն ինքնին պարտուած վիճակ էր մեզ համար: Ինչ էլ լինէին բանակցութիւնների արդիւնքները միեւնոյնն է թուրքերը կրկին յաղթող էին, նրանց հաշուարկը հայերի թուլակամութեան վրայ անսխալական էր:
Թէեւ մինչեւ այսօր բանակցութիւնների բուն հարցերի մասին, բացի բանաւոր հաւաստիացումներից, որ «ամէն ինչ մեր ժողովրդի օգտին է լինելու», ընդհանրապէս մօտաւոր տեղեկութիւն անգամ չունենք:
Իսկ եթէ իրապէս այն մեր ժողովրդի շահերին է ծառայելու, հարց է ծագում, թէ ինչո՞ւ է գաղտնի պահւում նոյն ժողովրդից:
Եթէ սխալմամբ չբացայայտուէր բանակցութիւնների «ճանապարհային քարտէզ» անունը կրող կէտը, մեր սահմանային վերջնական կորստի մասին էլ պիտի իմանայինք միայն կորստից յետոյ: Աւելին, մեր երկրի արտաքին գործոց փոխնախարարը՝ Կ. Ղազինեանը, առանց երկմտելու յայտնում է՝ «հասնենք մի տրամաբանական աւարտի, որին մենք ձգտում ենք, ապա այդ ժամանակ հնարաւոր կը լինի աւելի բացել փակագծերը եւ «ճանապարհային քարտէզ»ի բոլոր փակ մնացած կէտերը հասարակայնութեանը ներկայացնել»:
Իսկ ո՞րն է այդ տրամաբանական աւարտը եւ ինչի՞ն են իրենք ձգտում, ինչո՞ւ է գաղտնի պահուելու:
Ի վերջոյ, մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ տրամաբանական աւարտ է ունենալու այդ «ճանապարհային քարտէզը», երբ այն ինքնին ան-տրամաբանական է ի սկզբանէ: Վստահ ենք տրամաբանական աւարտը թուրքերի համար է, իսկ մերը՝ ինչպէս միշտ, կորուստի ողբը: Եւ յետոյ, արդէն գործարքը ստորագրելուց յետոյ, ու՞մ է պէտք տրամաբանութիւնը, կամ այդ իրենց «տրամաբանութիւնը» ինչո՞վ է փրկելու մեր կորուստը:
Հիմա գոնէ դեռ յոյս ունենք, որ Թուրքիոյ անօրէն տիրացած մեր սահմանային գօտին ի վերջոյ մի օր ճշդելու ենք, նոյնիսկ եթէ ոչ մենք, ապա վստահաբար մեր յաջորդ սերունդը, քանի որ մեր սահմանների համար մենք երբեւէ պետական փաստաթուղթ չունենք ստորագրած: Այս օգտաւէտ վիճակից ինչպէ՞ս ենք ինքնակամօրէն իջնելու վերջնական կորստի վիճակի, պարզապէս սահմռկեցուցիչ է: Եւ ո՞վ է իրաւունք տուել մեր այսօրուայ իշխանութիւններին մտածել անգամ զիջելու 88 երկար տարիներ լռութեամբ հանդուրժած մեր պահանջը:
Նոյն փոխնախարարի բացատրութեամբ փորձում են «ուղիներ գտնել ԼՂ հակամարտութեան արագ լուծման համար եւ ուզում են առանց որեւէ նախապայմանի բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել Թուրքիոյ հետ»:
Տեսնո՞ւմ էք, թէ որքան հեշտ է մեր ղեկավարութեան համար մեր երկրի ճակատագրի տնօրինումը: Արագ, անպահանջ վերջնականօրէն տանուլ տրուած, օտարի շահերը պաշտպանած, այս գործելաձեւը օրինաչափութիւն է դարձել մեր կառավարութեան համար:
Մարգարէ պէտք չէ լինել գիտենալու համար բանակցութիւններում մեր դիրքը եւ արդիւնքը:
Եւ հարց է ծագում՝ թէ ինչո՞ւ Արցախը դառնում է այս բանակցութիւնների բուն մեխը, երբ մեր բանակցութիւնները Թուրքիոյ հետ են, իբրեւ թէ շրջափակումից դուրս գալը:
Չէ՞ որ Արցախը առանձին հարց է Ադրբեջանի եւ Հայսատանի միջեւ միջազգային մէկ ուրիշ գայլերի՝ ԵԱՀԿ հովանու տակ ծածկուած: Շատ բնական է, որ թուրքիան իր դարաւոր ծրագիրն է ուզում իրականացնել, իսկ մենք մեր դարաւոր իրաւունքը պարզապէս առանց պահանջ-հարցումի նուիրում ենք իրենց:
Ինչպէս միշտ, այսօր էլ պահանջատիրոջ առաւելութեան դիրքը ունենալով հանդերձ, սողում ենք մեղսապարտ բանակցողի առջեւ, փորձում ամէն կերպ հաճոյանալ նրան, մինչեւ իսկ մեր իրաւունքների վերջնական կորուստով, ինչ է թէ մեծ պետութիւնները այդպէս են ուզում:
Փոխանակ առիթը օգտագործելով, մինչեւ իսկ մեր Նախիջեւանի սահմանն էլ ճշտելու, Արցախի անզիջում դիրքի վրայ մնալու եւ ամենակարեւորը մեր հարեւանութեան սկզբունքը մեր պահանջատիրութեան խարիսխը դարձնելու, շտապում ենք ամէն ինչ տանուլ տալով համաձայնուել թուրքերի բոլոր պահանջներին: Ինչպէս տեսնում էք, սա արդէն բանակցութիւն չէ, այլ համաձայնագիր, թուրքիոյ շահերը պաշտպանող մեծ պետութիւնների կողմից մեզ պարտադրուող: Շատ աւելի յարգալից պիտի լինէր մեր իշխանութեան դիրքը մեր աչքին, եթէ նա քաջութիւնն ու անկեղծութիւնն ունենար իրեն պարտադրուած ճնշումը բացայայտօրէն իր ժողովրդին յայտնելու: Բայց դրա փոխարէն մեր երկրի ժողովուրդին վերջին ժամանակներում այնպիսի բուռն քարոզչութեան են ենթարկում, որ առանց Թուրքիոյ հետ սահմանների բացումի, կործանուելու են, նրանք էլ ինչպէս բոլոր քարոզչութեամբ տարուող ժողովուրդները, առանց վերլուծելու իրենց օգուտը, ժամ առաջ ամէն կորստեան գնով համաձայն են կառավարութեան առանց նախապայմանների Թուրքիոյ հետ յարաբերութեան: Քանի որ ըստ իրենց, շրջափակման վերացումը փրկութիւն է բերելու երկրին:
Ժողովրդին սուտ կարգախօսով առաջնորդելը բոլորովին նոր չէ աշխարհում, եւ յատկապէս մեր երկրում: Դեռ մեր յիշողութեան մէջ դրոշմուած է ՀՀՇի Արցախեան պատերազմը վարկաբեկելու համար ամբողջ երկրին ու ժողովրդին մութի ու ցրտի մէջ պահելը: Եւ բոլորովին էլ պատահական չէ Լ. Տէր Պետրոսեանի դրական գնահատանքը մեր կառավարութեան բանակցութիւնների վերաբերեալ: Ինչ ինքը սկսել ու կէս էր թողել, ինչ որ իրեն չյաջողուեց, կարծում ենք, շարունակում եւ վերջացնելու է այս կառավարութիւնը:
Ճիշտ է, թէեւ բանակցութիւնները չեն աւարտուել, բայց այդ բանակցութիւնների ամբողջ բովանդակութիւնը դէմ է մեր երկրի ու ժողովրդի շահերին եւ մենք այո, ժամանակից առաջ ընկնելով, մեր բողոքով, մեր դժգոհութեամբ, մեր ժխտումով, պիտի անյապաղ կասեցնենք այն վտանգը, որին դէմ յանդիման կանգնելու ենք բանակցութիւնների աւարտին:
Ոչ մէկը չի հարցադրում, թէ մեր ճակատագրի վերջնական կորուստով ինչպէ՞ս ենք ապրելու այդ «ազատ» սահմաններում:
Մեր այս կառավարութիւնը առաջին իսկ քայլով՝ մեր երկրում ընդունելով մեր Ցեղասպանութիւնը ժխտող ամերիկեան հիւպատոսին՝ Եովանովիչին, հաստատեց, որ իր համար բոլորովին էլ կարեւոր չէ մեր ժողովրդի պահանջն ու դատը: Այնուհետեւ մեր նախագահ՝ Ս. Սարգսեանը, տղայական պարծենկոտութեամբ, Թուրքիոյ նախագահին Ֆուտբոլի խաղերին յղած իբրեւ թէ «միամիտ, յանպատրաստից» հրաւէրքով, բացայայտեց իր անսկզբմունքայնութիւնը մեր ազգային հարցերի վերաբերեալ: Ցաւօք, այն բոլոր գնահատելի յատկութիւնները, որ լսել, որ վերագրւում էր իրեն Ղարաբաղեան շարժման ժամանակներից, յօդս ցնդեցին:
Այնպէս, ինչպէս մեր անկախութեան օրից կազմաւորուել ու առաջնորդւում է մեր կառավարութիւնը, այդպէս պետութիւն չի գոյանում:
Իր ստեղծման օրից մեր կառավարութիւնը չյարգեց իր ժողովրդի իրաւունքները, չյարգեց իր քաղաքացիների իրաւունքները եւ մութի ու ձմրան անտանելի ցրտի ու թշուառութեան մէջ այնպէս տրորեց, ոչնչացրեց նրանց արժանապատուութիւնը, որ իր քաղաքացիներն այլեւս ոչ մէկ յարգանք ունեն իրենց երկրի ապագայի, պետութեան ու օրէնքի հանդէպ, եթէ անշուշտ օրէնք գոյութիւն ունի: Իսկ ազգային գերագոյն իդէալը ընդհանրապէս ջնջուեց մեր պետութեան օրէնսգրքից ու իր քաղաքացիների բառապաշարից: Բայց չէ՞ որ ժողովուրդը իրաւունքների եւ ձգտումների, պահանջների ու նպատակների այն խտացրած տարրն է, որի վրայ է կերտւում երկիրը, նա է երկրի տէրն ու դիմագիծը, նրա դրօշակակիրն ու շարժիչ ուժը: Իսկ մեր կառավարութեան համա՞ր. . .
Մենք այսօր պէտք ունենք նոր Արամ Մանուկեանների, նոր Նժդեհների, որ ցեղի գիտակցութիւնը, նրա նպատակասլացութիւնը միաւորելով մեզ տէր դարձնեն, պաշտպանեն մեր հողերի ամբողջականութիւնը, ճշդեն այն սխալները, որոնք շարունակում ենք թուլակամօրէն անել:
Յետանկախութեան տարիները մենք աւելի շատ մաշում ենք օտար պետութիւններին ծառայելով, մեր երկրի ներսում նրանց վարձու սպասարկուների ստեղծած քանդիչ խառնակութիւններին զոհ գնալով, նրանց սնելով, քան նրանց արմատախիլ անելով, քան ամրացնելով, զարգացնելով մեր պետականութիւնը, նրա կապը ժողովրդի հետ, նրա գալիքի, նրա յարատեւման խարիսխները ընդլայնելով:
Այսօր եւ ընդմիշտ, ոչ մի գնով մենք չենք կարող թոյլ տալ, որ մեր կառավարութիւնը որեւէ փաստաթուղթ ստորագրի թուրքիոյ եւ նաեւ Ադրբեջանի հետ՝ Ղարաբաղի հարցով:
Այսքան, որ թմբկահարում են, առանց Արցախի ժողովրդի համաձայնութեան ոչ մի փաստաթուղթ չի ստորագրուելու, կ՛ուզենայի իմանալ, թէ մինչեւ այսօր նոյն Արցախի ժողովուրդը գիտէ՞ թէ ի՛նչ համաձայնագրի մասին է խօսքը, թէ՞ իրենք էլ նոյնքան խարխափում են անտեղեակութեան մէջ, որքան մենք բոլորս:
Անընդունելի ու նոյնիսկ վիրաւորական է, որ անգամ այս օրերին, մեր մտաւորականութիւնը իր անտարբեր լռութիւնն է շարունակում: Միթէ՞ ասելիք չունեն այս իրադարձութիւնների շուրջ: Եթէ իրենք գիտեն այն՝ ինչ մենք չգիտենք, այսինքն մի բան, որն ապահովագրում է մեր երկրի անձեռնամխելիութիւնը, զօրացնում նրա ապագան, ինչո՞ւ չեն կիսում իրենց իմացածը մեզ հետ, որ մենք ակամայ «անգէտ զրպարտողներ» չդառնանք:
Մինչեւ այսօր նրանցից ոչ մէկ խօսք ենք լսել Արցախի հարցով, ոչ մէկ դատապարտում կամ արուող առաջարկների հանդէպ գնահատանք: Ո՞ւր է նրանց պատասխանատուութիւնը ժողովրդի աոջեւ:
Ո՞ւր է Սփիւռքի ահարկու ձայնը, չէ՞ որ մեր ժողովրդի կէսից աւելին է հիմա Սփիւռք դարձել, չէ՞ որ այս բանակցութիւնները ամէնից առաջ կաթուածահարում են իրենց: Հանգիստ նստելու եւ սպասելու ժամանակը չէ այլեւս, մենք բոլորս՝ Սփիւռքով ու հայրենի ժողովրդով, պարտաւոր ենք մեր իրաւունքը լսելի դարձնել, պարտադրել մեր իշխանութեանը, կենտրոնացնել նրանց իրենց վստահուած գործին՝ երկրի համար ճիշտ որոշումներ առնելու պարտականութիւններին:
Պաղեստինի օրինակը մեզ համար դաս ունենալով, չխաբուենք մեծ պետութիւնների սուտ խոստումներից, նրանց շահերը ապահովող կամակատար չդառնանք:
4Մենք պարտաւոր ենք մեր ազգային սկզբմունքներին հետեւելու, որն այլեւս արգելում է սխալներ, կամ սայթաքումներ գործել, զիջումներ անել:
Միշտ յիշենք, եթէ նախորդ կորուստները մեր կամքից անկախ եւ անօրէն են եղել, որի համար գոնէ պահանջատէր ենք այսօր եւ յոյս ունենք, որ կը հասնենք մեր պահանջներին, այս անգամ կորցրածը, նոյնիսկ աննշան, որը մեր նման փոքր երկրի ու ժողովրդի համար հսկայական է, վերջնական եւ օրինաւոր է եւ այլեւս ոչ մէկ պայքարի գնով այն չենք կարող ետ ստանալ:
Սթափուենք ու մեր կառավարութեան սխալ գործարքը ազգովին կասեցնենք:
ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Սան Ֆրանսիսքօ
19 Մայիս, 2009թ.